Կարևոր է միջազգային հանրության համարժեք արձագանքը. վարչապետի հեռախոսազրույցները
Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսած Ադրբեջանի ագրեսիվ, սադրիչ գործողությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ռուսաստանի նախագահին: Ագրեսիվ գործողությունները ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով՝ մանրամասներ է փոխանցել Փաշինյանը: 2 երկրի ղեկավարները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նշել՝ Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողություններն ընթանում են սահմանի տարբեր ուղղություններով: Նախագահ Մակրոնը շեշտել է՝ անթույլատրելի է լարվածության հետագա խորացումը. կա իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտություն:
Միջազգային հանրության համարժեք արձագանքի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հեռախոսազրույցից հետո պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների և Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրություններով»:
Հակամարտությանը ռազմական լուծում չի կարող լինել, ընդգծել է պետքարտուղարը, կոչ արել՝ անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին է տեղեկացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
Միրզոյանը Հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերի տեղակալ Քերըն Դոն-ֆրիդիի հետ՝ ներկայացրել ստեղծված իրավիճակն ու շեշտել՝ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ադրբեջանական ագրեսիայի հետ մղման համար։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան