Հոկտեմբերի 13-14-ը Վլադիմիր Պուտինը Ղազախստանում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ գագաթնաժողովին, որոնց շրջանակում կքննարկվի նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ռուսաստանը մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել հերթական եռակողմ գագաթնաժողովն անցկացնել՝ երեք երկրի ղեկավարների մասնակցությամբ, մոտ ապագայում, հուսով ենք, կհամաձայնեցնենք ժամկետները»,- ասել է Ուշակովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

«Տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին Ռուսաստանի նախագահի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է», - շեշտել է հայտնել Ուշակովը:

ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին փորձում են միջամտել արտատարածաշրջանային մի շարք խաղացողներ, մասնավորապես՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, որոնք, Ուշակովի համոզմամբ, հիմնականում օգտագործում են Մոսկվայի ձեռքբերումները։

ՀՈՒՍՈՎ ԵՄ, ԱՆԿԱՐԱՆ ՎԵՐՋԻՎԵՐՋՈ ԿՀԱՐԳԻ ԵՄ ՆՈՐՄԵՐԸ. ՎԱՐՀԵԻ

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարել է, որ Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում բավականին լուրջ խնդիրներ կան:

«Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, սակայն բանակցային մի շարք կետեր կան, որոնց հետ կապված չկա առաջընթաց: Մարդու իրավունքների, դատական ​​համակարգի անկախության հետ կապված մի շարք խնդիրներ կան»,- նշել է նա:

Վարհեին հույս է հայտնել, որ Անկարան վերջիվերջո կհարգի Միության նորմերը և իրավական պահանջները։ Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան Բրյուսելի առանցքային գործընկերն է առևտրի, էներգետիկ անվտանգության և միգրացիայի ոլորտներում:

ՌԴ-Ն ԽՈՑԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ 1/3-Ը

Վերջին երկու օրվա ընթացքում ռուսական հրթիռները խոցել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների մոտ մեկ երրորդը, հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը։

Նրա կարծիքով` էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորման պատճառներից մեկը Եվրոպա ուկրաինական էլեկտրաէներգիայի արտահանումն է, ինչը եվրոպական երկրների համար այլընտրանք է ռուսական էներգակիրներին։

Գալուշչենկոն ընդգծել է, որ Ուկրաինան փորձում է «արագ վերսկսել ԵՄ էլեկտրաէներգիայի մատակարարումը այլ աղբյուրների հաշվին»։

ԼԻԲԱՆԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ

Բայդենի վարչակազմը ողջունել է ԱՄՆ միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված ծովային սահմանի վերաբերյալ գործարքը: Նոր համաձայնագրով լուծվում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազով հարուստ 530 քառակուսի կիլոմետր տարածքի շուրջ երկարամյա վեճը:

«Սա պատմական համաձայնագիր է: Փաստաթուղթն ապահովում է Իսրայելի անվտանգությունը և տնտեսական հնարավորություն ու հույս տալիս Լիբանանին»,- նշել են Սպիտակ տնից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն