Երեւանի ավագանին հուլիսի 13-ի արտահերթ նիստի ժամանակ որոշում կայացրեց փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշման մեջ, համաձայն որի Երևանի քաղաքապետն իրավասու է դառնում քանդել համայնքային հողամասում կառուցված ինքնակամ շինությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հայտնեց, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը` անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմանը համապատասխան:

Այսպիսով, Երևան համայնքի ավագանին ինքնակամ կառույցների տնօրինման հետ կապված սեփական կարգ չի սահմանել և որոշել է, որ այն պետք է կարգավորվի ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ սահմանված կարգով»,- նշեց Մարգարյանը և հավելեց, որ ներկայում առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու քննարկվող որոշումից նշված կարգավորումները հանել և ինքնակամ կառույցների տնօրինումն իրականացնել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային այլ գույքերի տնօրինման համար սահմանված ընդհանուր կարգով: Մարգարյանը շեշտեց, թե անհրաժեշտ է նաև ամրագրել, որ Երևանի քաղաքապետը իրավասու է քանդելու համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից: «Քաղաքապետարանի կողմից ինքնակամ շինությունը օտարելու դեպքում նախապատվությունը չի տրվելու այդ շինությունը կառուցած անձին: Խոսքն այս կարգավորումներով այն ինքնակամ կառույցների մասին է, որոնց վերաբերյալ մինչև հունվարի 31-ը օրինականացման դիմումներ չեն ներկայացվել: Այսինքն՝ ստացվում է, որ համայնքային տարածքում անձի ինքնակամ կառուցած շինությունն ամբողջությամբ դառնում է համայնքի սեփականություն»,- նշեց Տարոն Մարգարյանը


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն