Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան
Հոկտեմբերի 2-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հետխաղյա մամուլի ասուլիսին հանդիպման մասին խոսել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության։ Այդպիսի անհաջող խաղ չեմ հիշում, որ ամեն ինչ լավ սկսում ենք, հետո առաջին սխալ, երկրորդը, ու դրանից հետո պետք է փրկել խաղը։ Այն ժամանակ փրկել, երբ մեր որակյալ ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն, այն ռեսուրսը չկար։ Ամեն դեպքում ես փորձում էի, ամեն քայլի գնացի, ռիսկերի գնացի, որ կարողանայի ստանալ որակ դարպասի մոտ։ Ընդամենը երեք հոգի թողեցինք հետևում, 7-ը առջևում էին․ մեծ ռիսկ էր, նրանք 10 հոգով էին, արժեր այդ ռիսկին գնալ։
Ղարիբյանին մեկնարկային կազմ էին ընդգրկել, բայց հանդիպումը չսկսված, նախավարժանքին վնասվածք է ստանում։ Բանդիկյանը հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ, ես չգիտեմ՝ սա արդեն 13-14-րդ կորուստն է։ Հաճելի չի, լավ չի։ Ներողություն եմ խնդրում, մեղավորներ ման չեմ գալիս։ Ես եմ առաջին մեղավորը, ես եմ գլխավոր մարզիչը։ Այս ամեն ինչը պետք է թողնեմ մի կողմ, երեք օրից խաղ ունենք, պետք է թիմին հոգեբանորեն պատրաստել, հետագայում կունենանք վերլուծելու հնարավորությունը և կշարժվենք առաջ։ Տղաների նվիրվածությունից դժգոհ չեմ։ Գոլերը չեղան, պետք է ընդունենք, որ բոլոր մեղավոր ենք, պետք է շարժվենք առաջ․․․
Պետք է հավաքվել, աշխատել, գնալ առաջ, գտնել լուծումներ։ Շատ դժվար է լինելու, բայց պետք է սա հաղթահարել ու գնալ առաջ։
Շուտ գոլ բաց թողել, նման գոլեր բաց թողելը, կոտրում է թիմի մեջքը։ Բայց ընդմիջմանը խասացի, օգնեցի։ Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ։ Լինում են ֆուտբոլում նման օրեր։ Ֆուտբոլիստներին հանդերձարանում ասացի՝ չգտնեն մեղավորներ թիմի ներսում․ պարտվել ենք, առաջինը ես եմ պարտվել։ Չեմ թողնի մեկ-երկու պարտությունը քանդի մեր թիմը, կոլեկտիվը, որը դժվարությամբ ստացել եմ․․․ պետք է միասին լինենք, ընդունենք ու միասին շարժվենք առաջ»,- ասել է Մելիքյանը։
Զուգահեռաբար կայացավ նաև խմբի մյուս՝ Լատվիա-Չեռնոգորիա հանդիպումը, որն ավարտվեց 1-2 հաշվով։
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ։







































