Ամբողջությամբ սխալ ուղղությամբ են ընթանում Հայաստանի պետական սահմանների հետ կապված հարցերը. Թաթոյան
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում անդրադարձել է ՀՀ սահմանների սահմանազատման գործընթացներին:
«Ամբողջությամբ սխալ ուղղությամբ են ընթանում Հայաստանի պետական սահմանների հետ կապված հարցերը։ Բոլոր հարցերը ներառված են ռազմական եւ քաղաքական կոմպոնենտների ներքո: Ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը»,- իր ելույթում նշել է Թաթոյանը:
Նրա դիտարկմամբ՝ երկրի պետական սահմանների որոշման գործընթացի կարևորագույն հարցերից է, թե որքանով են դրա արդյունքում երաշխավորում սահմանային բնակիչների իրավունքները, բնականոն կյանքը և ավանդույթները.
«Արդյունքում մի վտանգավոր թեզ էլ է զարգանում, որ մարդու իրավունքները և անվտանգությունը հակադրվում են: Տպավորություն է, որ եթե ռազմական և քաղաքական հարցեր են, ուրեմն մարդու իրավունքները կապ չունեն: Իրականում մարդու իրավունքները և անվտանգությունը լրացնում են իրար, սա կարևոր նշանակություն ունեցող թեզ է»,- ասել է Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ պետք է ունենալ կազմակերպված քաղաքականություն պետության ներսում պետական մարմինների կողմից։
«Մի օրինակ բերեմ. հուլիսի 5-ին Գեղարքունիքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել ադրբեջանցիների ու մեր զինվորականների միջև, այդ ամենը տեղի էր ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում: Մեր զինծառայողներից մեկն էլ վիրավորվել էր։ Այդ ամենից հետո լրագրողներից մեկի հարցին, թե ադրբեջանցիները չե՞ն խանգարում գյուղացիների առօրյային, Վերին Շորժայի համայնքապետը ասում է՝ ոչ, մեր գյուղացիները էդ կողմ չեն էլ գնում։ Այսինքն՝ սրանից հետո ինչքան ուզում է ես գնամ միջազգային ատյաններ, ցույց տամ, որ ադրբեջանցիները մեր սուվերեն տարածքում են, նրանք կարող են մեջբերել գյուղապետի խոսքը: Դե, իհարկե, գյուղացիները այդ կողմ չեն գնում, ադրբեջանցիներն են այդտեղ, իրենք ո՞ւր գնան»,- նկատել է ՀՀ ՄԻՊ-ը: