Գյումրու «Երիտասարդական» զբոսայգու տարածքն առերևույթ ապօրինի օտարման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Գյումրու «Երիտասարդական» զբոսայգու տարածքն առերևույթ ապօրինի օտարման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ԶԼՄ-ներում արված հրապարակումների հիման վրա: Հրապարակումները ուղարկվել էին քննչական վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են.
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է՝ Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3.000ք/մ մակերեսով հողամասը, որը համընկնում է Գյումրու «երիտասարդական» այգու տարածքին, և որում ներառված են նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, 2018թ. մարտի 19-ին Գյումրու համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքի միջոցով՝ 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարվել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին:
Հիշյալ պայմաններում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի 26/6-րդ հասցեում գտնվող հողամասի նկատմամբ 2018թ. մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը:
Դրանից հետո՝ 2019թ. մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո Ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը:
Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյումրեցիները «Ֆեյսբուք»-ում բողոք էին բարձրացրել՝ կանաչ տարածքի, այսպես ասած, զավթման հետ կապված: Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ՀԺ-ի հետ զրույցում ընդգծել էր՝տարածքը զավթված չէ, սեփականատեր կա, նա էլ օրենքի շրջանակներում իրականացնում է շինարարությունը:
Շինարարությունն արդեն մոտենում է ավարտին, ու նոր է միայն աղմուկ բարձրացել, ինչի մասին քաղաքապետարանի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ հնարավոր է՝ այգում գտնվող արձանի հեղինակն է բողոքն ուղղորդում: