Ռուսաստանում 4 ամսից ազատ կարձակվեն 7 հայ երիտասարդները, ովքեր նախորդ տարվա հուլիսյան դեպքերից հետո 2 տարվա ազատազրկման էին դատապարտվել։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 12-ին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմի հրահրած ռազմական գործողությունների օրերին Ռուսաստանում խնդիրներ էին առաջացել հայկական ծիրանի իրացման հետ կապված։ Խոչընդոտներ էին հարուցել ՌԴ-ում բնակվող ադրբեջանցիները, ովքեր սադրում էին հայերին, արգելում հայկական ծիրանի առևտուրը ադրբեջանցիներին պատկանող շուկաներում։

Այդ իրադարձությունները բնորոշվեցին որպես հայկական ծիրանի դեմ պատերազմ։ Այդ օրերին Ռուսաստանում ձերբակալվել էին 30 հայ երիտասարդներ, որոնց մեծ մասը տուգանքով ազատ էին արձակվել։ Նրանցից 7-ի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, դատարանի վճռով դատապարտվել էին 2 տարվա ազատազրկման։ Եվ Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի աշխատանքի արդյունքում երիտասարդների պատժի չափը կրճատվել է 2 ամսով, իրավաբանները հայտնել են, որ երիտասարդները 4 ամսից ազատության մեջ կլինեն։

Ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ երիտասարդների նկատմամբ գործերը հարուցվել էին, քանի որ նրանք կոտրել էին ադրբեջանցիներին պատկանող օբյեկտների պատուհանները։ «Դրա հետևանքով 2 տարվա ազատազրկման վճիռ էին կայացրել, մեկ տարի դատական պրոցեսը շարունակվում էր, այսօր էլ դեռ շարունակվում է, մենք այնպես արեցինք, որ 2 ամիս իջեցրեցինք պատժաչափը, նրանք 4 ամսից ազատ կարձակվեն։ Այն, որ դեպքը տեղի էր ունեցել, դա այդպես է, բայց այդ հոդվածի ներքո կարող էր ավելի մեղմ պատիժ լինել։ Մենք բացատրեցինք ու հիմնավորեցինք դա, իրավապահները հասկացան ու նվազեցրին պատիժը»,- ասաց Շահեն Պետրոսյանը։

Նա հավելեց, որ այդ օրերին ձերբակալված ադրբեջանցիների նկատմամբ ավելի ծանր պատիժներ են սահմանվել Ռուսաստանում, քանի որ նրանք ավելի ծանր հանցանքներ էին գործել։

Փաստաբանը Ռուսաստանում բնակվող հայերին կոչ է անում հետևել օրենքին՝ նման դեպքերից խուսափելու համար։ «Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որ միշտ օրենքով շարժվեն Ռուսաստանում, որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնեն։ Նման գործերը մի քիչ բարդ են այն առումով, որ ավելի խիստ պատիժներ են սահմանում, որպեսզի չկրկնվեն այդ դեպքերը»,- ասաց Շահեն Պետրոսյանը՝ հավելելով, որ, իհարկե, այս դեպքում սադրանքի հեղինակները ադրբեջանցիներն են եղել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն