Շուշի այցելությամբ դիվանագետները դարձան Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի պրոպագանդայի մասնակիցները. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է որոշ օտարերկրյա դեսպանների և դիվանագետների այցը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի։
Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված քարոզչական այցելությանը միանալու դիվանագետների ցավալի որոշումը ընդամենը մի քանի ամիս առաջ Շուշիի և, ընդհանրապես, Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ նույն ավտորիտար և հանցավոր ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հաստատման ու օրինականացման դատապարտելի գործողություն է:
44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի զանգվածային աջակցությամբ և սիրիացի վարձկան ահաբեկիչների տեղակայմամբ, Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր ոչնչացնում էին Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներըը և երկու անգամ ռմբակոծեցին քաղաքի գլխավոր տաճարը: Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված աղետալի պատերազմի արդյունքում՝ Շուշի քաղաքի դարավոր պատմության մեջ առաջին անգամ քաղաքում լիակատար էթնիկ զտում է իրականացվե,լ և քաղաքը լիովին դատարկվել է հայ բնակչությունից: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահը հրապարակավ և հպարտորեն հայտարարեց, որ իրենք «շների պես դուրս են շպրտել հայ բնակչությանը»:
Անխոս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանների այս ուղևորությանը չմիանալը հստակ ուղերձ է, որ Արցախյան հակամարտությունը դեռևս լուծված չէ: Իրականում, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հիմնական սկզբունքներից երկուսը՝ ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման և հավասարության իրավունքը, Ադրբեջանի իշխանությունների կողմից պատերազմի ընթացքում բացահայտորեն խախտվել են:
Ցավալի է, որ Շուշի այցելած դիվանագետները չնախընտրեցին հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների օրինակին: Ընդունելով հրավերը՝ նրանք դարձան Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քարոզչական արշավի մաս: Ավելին, դրանով նրանք հարված հասցրին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` Արցախի հակամարտության տևական, խաղաղ և արդար լուծում որոնելու ուղղությամբ: Բացի այդ, այդ դիվանագետները լիովին անտեսել են այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և խոշտանգել ավելի քան 200 հայ ռազմագերու՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական առևտրի գործիք, ինչը խախտում է 2020 թ. նոյեմբերի հրադադարի եռակողմ հայտարարությունը։ Այն ստորագրված է Ադրբեջանի նախագահի կողմից և նախատեսում է բոլոր գերիների և ռազմագերիների վերադարձ:
Ավելին, Ադրբեջանը շարունակում է հրաժարվել միջազգային կազմակերպությունների, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, մուտքի թույլտվություն տրամադրել Արցախի հայկական ճարտարապետական և կրոնական հուշարձաններ: Վերջին ամիսներին ի հայտ են եկել այդ կրոնական հուշարձանների պղծման և նույնիսկ ամբողջական ոչնչացման փաստեր: Բացի այդ, 2021 թվականի մայիսից ի վեր ադրբեջանական բանակը ոտնձգություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում և առևանգել հայ զինծառայողների ։
Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես է դիվանագիտությունը, մասնավորապես այն երկրներում, որոնք շեշտում են, թե կարևորում են մարդու իրավունքները և էթիկան, վերածվում ավտորիտար մի երկրի դուդուկի տակ պարելու տգեղ դրսևորման։ Մի երկրի, որը Եվրոպայում առավել հայտնի է բարդ կոռուպցիոն մեխանիզմներ ստեղծելով, ինչպիսիք են «ադրբեջանական լվացքատունը» և բնիկ հայ բնակչության դեմ վարձու ահաբեկիչների միջոցով պատերազմ սանձազերծելը։ Որպես եվրոպական քացաքացիական հասարակության կազմակերպություն, մենք կարծում ենք, որ դիվանագիտությունը ավելին է, քան սա, և որ դիվանագիտության հիմքում պետք է լինեն արժանապատվությունն ու արդարության որոշակի զգացումը։
Մենք, անշուշտ, կշարունակենք դրան ուղղված մեր աշխատանքը:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ