ԱՄՆ դեսպանի թեկնածուն խոստանում է օժանդակել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստագրմանը
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են տեղի ունեցել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենի վերաբերյալ:
Բացի այդ քննարկվել է նաև Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Լին Թրեյսիի թեկնածությունը, որին նախագահ Ջո Բայդենն առաջադրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս թեկնածությունների հաստատման պարագայում, արդեն հունվարին Թրեյսին Երևանից կմեկնի Մոսկվա, իսկ Քվիենը կկարողանա ժամանել Հայաստան:
Պատասխանելով սենատորների հարցերին, Քրիստինա Քվիենը խոստացել է օժանդակել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները փաստագրելուն։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դեսպանների թեկնածուների հաստատման հարցով լսումների ժամանակ ասել է, որ այլ երկրներում ԱՄՆ դեսպանները, հատկապես նրանք, որոնք գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի իրենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանան որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ:
Լսումներում քննարկվել է նաև Քրիստինա Քվիենի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Մենենդեսը հիշեցրել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև այլ ռազմական հանցագործությունների մասին, ապա հարց ուղղել Քրիստինա Քվիենին՝ արդյոք նա կառաջնորդի՞ դեսպանատան ջանքերը՝ փաստագրելու ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայերի դեմ իրականացված ենթադրյալ վայրագությունները:
Դեսպանի թեկնածու Քվիենի պատասխանը․«Ես տեսել եմ սեպտեմբերի այդ սարսափելի տեսանյութերից մի քանիսը և կանեմ հնարավոր ամեն ինչ, որ օգնեմ փաստագրել դրանք, եթե հայկական կողմը դիմի»։
Արձագանքելով Քվիենին՝ Մենենդեսը նշել է, որ չի ցանկանում, որ հայկական կողմը դիմի, հարկավոր է, որ ամերիկյան կողմն ակտիվություն դրսևորի այս հարցում:
«Մենք պետք է իմանանք՝ արդյոք ադրբեջանցիներն իրականացնում են այդ գործողությունները, որ կարողանանք վճիռ կայացնել՝ «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումից պետք է հրաժարվել, թե ոչ: Ես ուզում եմ՝ նշանակվի դեսպան, որն ակտիվ ներգրավմամբ կօգնի մեզ որոշել՝ արդյոք այս մահապատիժները, անդամահատումները, այլ գործողությունները ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, և կարողանա պետքարտուղարությանն ու այս հանձնաժողովին ասել՝ արդյոք դրանք ճիշտ ե՞ն, թե՞ ոչ, արդյոք դրանցից քանիսն են ճիշտ, որ մենք կարողանանք որոշում կայացնել»։
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն պատասխանել է, որ նման հանցանքների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելն իր համար շատ կարևոր է:
Մենենդեսը ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ հարց է ուղղել նաև Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Լին Թրեյսին, որն այժմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն է:
Լին Թրեյսի․ «Հայ կին զինծառայողի մարմինը պղծելու տեսանյութը դիտելուց հետո կապվել եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստուգել է այդ և այլ տեսանյութերի իսկությունը: Այժմ մեր նպատակն է պատասխանատվության ենթարկել դա իրագործողներին… Մենք այդ մասին զեկուցել ենք պետքարտուղարությանը»։
Լսումների ժամանակ սենատոր Քրիս Վան Հոլլենը հայտնել է, որ ցանկացած բանակցություններում վստահելի կողմ լինելու համար հարկավոր է ագրեսիան անվանել ագրեսիա:
Վան Հոլլեն․«Անկախ լրատվական աղբյուրների կողմից շատ լավ փաստագրվել է, որ Ադրբեջանն է հարձակումներ սկսել, ինչպես նաև տարբեր տեսակի վայրագություններ իրականացրել»։
Սենատոր Վան Հոլլենը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչներին հարց է ուղղել՝ արդյոք ԱՄՆ-ն որոշել է, թե ով է ագրեսորը, սակայն պատասխան չի եղել: Այնուհետև սենատոր Հոլլենը խոսքն ուղղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենին․
«Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, սակայն հավաստի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, առնվազն պետք է սկսել փաստերից և կարողանալ հանրության առաջ բարձրաձայնել դրանք: Դուք գնում եք շատ կարևոր մի երկիր, աշխարհի շատ կոնֆլիկտային հատվածում, և հույս ունեմ, որ կկարողանաք փաստերն իրենց անունով կոչել»։
Կունենա՞ այդ համարձակությունը դեսպանի թեկնածուն՝ փաստերն իրենց անունով կոչելու, թե ոչ։ Հարցի հետ կապված միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքը խնդրեցինք։ Նայած, թե ինչ փաստերի մասին է խոսքը և ինչ ենք ուզում, որ դրանք կոչվեն՝ մեզ հետ զրույցում ասաց նա, ընդգծելով հարցի նրբությունը։
«Բնականաբար, դեսպանը չի կարող շեղվել այն հիմնական գծից, այն հիմնական ուղուց, որը որդեգրում է ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը՝ ի դեմս Սպիտակ տան և Պետական դեպարտամենտի։ Այն իրերը, որոնք կկոչվեն իրենց անուններով Պետդեպարտամենտի կողմից, բնականաբար, նույն անունով էլ կոչվելու են դեսպանի կողմից։ Նույնը վերաբերում էր «Ցեղասպանություն» եզրույթին. չէր օգտագործվում եզրույթը որևէ դեսպանի կողմից այնքան ժամանակ, քանի դեռ Պետդեպարտամենտը կամ ԱՄՆ նախագահը չէր ընդունել ցեղասպանությունը՝ որպես պատմական իրողություն և համապատասխան գնահատական չէր տվել»։
Քաղաքագետը հիշեցնում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի ճակատագիրը, որը «ցեղասպանություն» եզրույթն օգտագործեց, նախքան Միացյալ Նահանգների կողմից այն պաշտոնապես ընդունվելը։ Դեսպան Էվանսը հեռացվեց աշխատանքից,քանի որ չէր արտահայտել ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Միջազգայնագետը համոզված է, որ այդ առումով որևէ բան չի փոխվելու.
«Նույնը այստեղ է լինելու։ Այսինքն՝ այն, ինչը որ Պետդեպարտամենտը ասի, նույն բանը պետք է դեսպանն ասի և սա միայն ամերիկյան առանձնահատկություն չէ, բնականաբար, սա դիվանագիտական ծառայության ամենակարևոր ուղղություններից մեկն է»։
Ըստ Սուրեն Սարգսյանի՝ եթե դեսպանի փոփոխությունից ակնկալիքներ ունենալ պետք չէ, ապա պետական ապարատի հետ տարվող աշխատանքների առումով սպասելիքներն այլ են։
«Եթե մենք լինենք ակտիվ-նախաձեռնող, իհարկե, ինչ-որ փոփոխություններ կարող են լինել, եթե ոչ, ապա կունենանք նույն իրավիճակը, ինչ-որ ունենք գործող դեսպանի պարագայում։ Այսինքն՝ անձով պայմանավորված, բնականաբար, քաղաքականությունը չի փոփոխվելու»։
Հայ-ամերիկյան օրակարգի այժմեական հարցերից մեկը «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումն է, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին։ Այն սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
Այդ լրացումը, սակայն, ԱՄՆ նախագահը կասեցրել է, ինչի հիման վրա էլ Վաշինգտոնը ռազմական աջակցության է տրամադրումն Ադրբեջանին: