Արցախցիները հունիսի համար եւս կստանան 68 հազարական դրամները. Կառավարությունը գումար հատկացրեց
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստում որոշում կայացրեց վերաբաշխում կատարել 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որի նպատակն է 44-օրյա պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովելը հունիս ամսվա համար։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ Կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ հաստատվել է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը։ Միջոցառման շրջանակներում դրամական օգնությունները շահառուներին արդեն իսկ վճարվել են մարտ-մայիս ամիների համար։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից միջոցներ են հատկացվում խնդրո առարկա միջոցառման շրջանակներում շահառուներին վերջին՝ հունիս ամսվա, իսկ դրամական օգնության իրավունքը առաջին անգամ հունիս ամսին ձեռք բերած անձանց՝ նաև նախորդ ամիսների դրամական օգնությունը տրամադրելու համար»,-ասաց նա:
Մկրտյանը նշեց, որ խոսքըը 68-հազարական դրամների մասին է. «Պահանջվող գումարը կազմում է 7 մլրդ 744 մլն դրամ, որից պետական բյուջեից հատկացվող գումարը կազմում 5 մլրդ 864 մլն դրամ, իսկ պահուստային ֆոնդից պահանջվող գումարը՝ 2 մլրդ 200 մլն է, իսկ մնացած 3 մլրդ 684 մլն դրամը կտրվի նախարարության միջոցով իրականացվող միջոցառումների հաշվին»:
Նիկոլ փաշինյանն իր հերթին հավելեց, որ պետք է Արցախում կամաց-կամաց աջակցության ծրագրերից անցում կատարել զարգացման ծրագրերին, տնտեսության ակտիվությունը խթանող ծրագրերին:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ միայն սոցիալական բլոկով կառավարությունը ծախսել է 61,8 մլրդ դրամ, որը հասնելու է 80 մլրդ դրամի: Նա նաեւ հավելեց, որ արցախցիներին բնակարաններով ապահովելու համար «Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ պետք է մոբիլիզացնեն 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ երեք տարվա կտրվածքով կառավարության ծախսը կկազմի 52 մլրդ դրամ: