Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերի պայմանները
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերն ու պայմանները պարզեցնելու նպատակով։
2020 թ. հուլիսի 1-ից մեկնարկած Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերով իրականացվում է՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիպոթեկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար), երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիպոթեկային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։
Ըստ հիմնավորման՝ վերոնշյալ նպատակային ծրագրերի պայմաններն ու ընթացակարգերը խիստ սահմանափակում են ծրագրերի շահառուների քանակը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է պարզեցնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը և պայմանները։
Մասնավորապես, առաջարկվող փոփոխությամբ մեղմացվում է այն պայմանը, ըստ որի շահառուն ծրագրից օգտվելու համար պետք է ունենա առնվազն 12 ամիս մարում՝ երեխայի ծննդյան հաջորդ ամսվա 1-ի դրությամբ: Փոփոխությամբ առաջարկվում է, որ եթե շահառուն չունի 12 ամիս մարում, ապա կարող է սպասել մինչև կկարողանա բավարարել այդ պահանջը և նոր դիմել ծրագրում ընդգրկվելու համար, սակայն դա անհրաժետ է անել մինչև երեխայի 1 տարեկան լրանալը: