Հայաստանում գնաճը կմոտենա թիրախին, մարդիկ փոխում են ծախսերի կառուցվածքը
Կենտրոնական բանկի խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%։ Բանկային համակարգում անորոշությունները մեծ են, ասել է կենտրոնական բանկի նախագահը։ Մարտին Գալստյանի խոսքով՝ ակնկալում են, որ մինչև տարեվերջ բանկային ոլորտում ցուցանիշերը դրական կմնան, բայց թե ինչ կլինի հաջորդ տարի՝ դժվարացել է ասել։ Կենտրոնական բանկը վերանայել և իջեցրել է գյուղատնտեսության ոլորտի աճը, նախկին 3.2 տոկոսի փոխարեն կանխատեսվել է 0.7 տոկոս աճ։ Գլխավոր դրամատանը համաշխարհային շուկայում պարենի գների նվազում են ակնկալում։
Ցանկացած զարգացում որն ավելացնում է անորոշության ռիսկը, անորոշություն է նաև մեզ համար՝ արձանագրում է Կենտրոնական բանկի նախագահը՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանցիների կողմից փակ պահվող ճանապարհին ու ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Մարտին Գալստյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը իրենց որոշումների կայացման վրա նույնպես ազդում է։ Աշխարհաքաղաքական անորոշություններով պայմանավորված՝ գլխավոր դրամատան տնօրենն այս պահին հաջորդ տարվա համար կանխատեսումներ դժվարանում է անել, բայց որոշ կանխատեսումներ կան։ 2023–ի երկրորդ կիսամյակում, եթե այլ զարգացումներ չլինեն, գնաճը կմոտենա ԿԲ մատնանշած թիրախին՝ 4+ — 1․5 տոկոսին․
«2022 թվականի վերջին գնաճը կկազմի 9- 9․5 տոկոս։ Գնաճի արագացում կլինի՝ դեկտեմբերին։ 12․9 տոկոս ՀՆԱ–ի աճ ենք կանխատեսում։ Կառուցվածքը փոխվել է, բայց՝ թիվը մնացել է նույնը։ Ծառայությունների ոլորտում աճը կանխատեսում ենք ավելի ցածր՝ 19․4–ի փոխարեն 18․8։ Բայց շինարարության աճն ավելի բարձր ենք կանխատեսում՝ 14․1 տոկոսի փոխարեն՝ 20․1 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտում ավելի ցածր , բայց արդյունաբերության ոլորտում ավելի բարձր աճ ենք կանխատեսում»։
ԿԲ-ն վերանայել և իջեցրել է գյուղատնտեսության ոլորտի աճը, այն՝ նախկին 3.2 տոկոսի փոխարեն կանխատեսում է 0.7 տոկոս աճ: Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում տնտեսական աճը պայմանավորված է ոչ արտահանելի ոլորտներով՝ ծառայություններ, սպասարկում, վիաճակախաղեր և այլն։ Սա է, փորձագետի կարծիքով, Հայաստանի տնտեսության վերջին տարիների կառուցվածքը։ Այս տարին էլ բացառություն չէ․
«Տնտեսական աճը պայմանավորված է ոչ գեներացվող ոլորտներից՝ մանրածախ առևտուր, ծառայություններ, մշակող արդյունաբերության կշիռն է փոքր։ Վիվարոների կշիռն է մեծ։ Այժմ կա առաջարկ ու պահանաջրկ, իսկ եթե չլինիեն դրանք, տնտեսական աճը ի չիք է դառնալու, 2023–ին խոստացված 7 տոկոս տնտեսական աճն էլ չենք կարողանալու ապահովել»։
Մինչ գնաճն արդեն մոտ մեկ տարի է դիրքերը չի զիջում, քաղաքացիներն ու փորձագետների մի մասը դժգոհում են գնողունակության նվազումից, ԿԲ նախագահը վստահեցնում է՝ Հայաստանում մարդկանց եկամուտներն ավելացել են այնքան, որ սկսել են ժամանակից շուտ վարկերը փակել․
«Ստեղծված իրավիճակում 13 տոկոս տնտեսական աճ ունենք։ Դա ըստ էության բաշխվում է բիզնեսի ու քաղաքացիների վրա։ Մենք նկատում ենք, ո ր քաղաքացիների ու բիզնեսի մոտ եկամուտի էական աճ կա։ Արդյունքում մի իրավիճակ է, որ մարդիկ ու բիզնեսը նախօրոք մարում են իրենց վարկերը։ Բավարար եկամուտ ունեն, որ իրենց միջոցներով կազմակերպեն իրենց կենցաղը։ Իհարկե դա բոլորին չի վերաբերում»։
Տնտեսագետ Ջուլիետ Թադևոսյանի կարծիքով մարդիկ իրականում փոխել են իրենց ծախսերի կառուցվածքը․
«Մարդկանց գնողունակությունը բավականին նվազել է։ Մենք մեր առօրյայով էլ ենք տեսնում՝ ինչ կարող ենք գնել անցյալ տարի 5 հազար դրամով ու այս տարի ինչ կարող ենք գնել։ Երկու անգամ ավելացել է նաև ծայրահեղ աղքատների թիվը»։
Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ արդեն յոթերորդ անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրանում է 0.25 տոկոսային կետով։ Այն արդեն 10.75% է։ ԿԲ Խորհուրդը գտնում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը: