ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության մի շարք հարցերին՝ կապված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ:

«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը մի շարք հարցեր է ուղղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ կապված Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի՝ պաշտոնական Բաքվի նախաձեռնությունը մերժելու ու Ֆրանսիայի արտգործնախարարի այցի ժամանակ ԼՂ խնդիրը քննարկելու հետ: Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական Բաքուն կազմակերպել էր իր վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի հատված և դրա շրջակա տարածքներ Ադրբեջանում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների այց, որին չեն մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեսպանները:

Ի պատասխան Ամերիկայի ձայնի հայկական ծառայության հարցին, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի դեսպանի հրաժարումն այցից ու եղել է արդյոք որևէ համաձայնություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև հրավերը մերժելու հարցում, ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը պատասխանել է. «Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու է նա մասնակցել կամ չի մասնակցել որևէ միջոցառման:

Մենք հասկանում ենք, որ Բաքվում առկա են բազմաթիվ դիվանագիտական առաքելություններ, որոնք ի վիճակի չեն եղել մասնակցել ուրբաթօրյա այցելությանը Ֆիզուլի և Շուշա: Մենք չենք մեկնաբանում Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները: Կխնդրենք, որ դիմեք Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանություններ` իրենց դեսպանների վերաբերյալ մանրամասների համար»:

Այնուհետև անդրադառնալով վերջերս Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի արտգործնախարար Լե Դրիանի հանդիպման ժամանակ ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի քննարկման մասին հարցին՝ պետքատուղարությունը մատնանշեց ֆրանսիական կողմի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ Վաշինգտոնում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչույունների ղեկավարների հանդիպմանը կողմերը որպես Մինսկի խմբի համանախագահներ խոսել են համատեղ գործողությունների մասին, որոնք կօգնեն հասնելու կայուն խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Մենք խորապես մտահոգված ենք անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսման ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք տարածաշրջանում առկա մարդասիրական կարիքների մասին»,- նշել է պետքարտուղարությունը:

Պետքարտուղարությունը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով՝ «ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության մշտական կարգավորմանը` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն