ՀՀ- ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման ու իրագործման հանձնաժողովի 20-րդ նիստ
Այսօր Կենտրոնական բանկում տեղի ունեցավ ֆինանսական կրթման ծրագրի մշակման ու իրագործման հանձնաժողովի հոբելյանական 20-րդ նիստը։ Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովը պատասխանատու է ֆինանսական կրթության ազգային ծրագրի ու դրա գործողությունների պլանի մշակման, իրագործման, հաղորդակցման ու հաշվետվողականության համար։
Անդամների շարքում են նախարարություններ, կրթական գերատեսչություններ, ֆինանսական միություններ, կառույցներ, կազմակերպություններ ու ասոցիացիաներ, կրթական կազմակերպություններ ու հիմնադրամներ, իսկ հանձնաժողովը ղեկավարում է Կենտրոնական բանկը։
Նիստին ներկա էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մարտին Գալստանն իր ելույթում նշեց, որ, Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթության արմատները գնում են 2008 թվական, երբ ՀՀ ԿԲ մասին օրենքում ավելացվեց ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովման մանդատը։ Իսկ սպառողների շահերի պաշտպանության առաջին պայմաններից է ֆինանսական կրթությունը։ Ոլորտի օրենսդրությունն ու իրավական ակտերը մշակելու հետ միասին սկսվեցին հանրության շրջանում անձնական ֆինանսների կառավարման ունակություններ ձևավորելու ծրագրերը։
Այնուհետև նախագահն իր ելույթում հավելեց, որ ՀՀ ԿԲ նոր ռազմավարական առաջնահերթություններից է ՍՊԱՌՈՂԻ ԶՈՐԱԿՑՈՒՄԸ։ Կենտրոնական բանկը մեծապես կարևորում է սպառողի զորակցումը ֆինանսական կրթության միջոցով հատկապես մեր օրերում, երբ ֆինանսական ինքնուրույն գոյությունը անհնարին է, իսկ ֆինանսական ծառայություններից անվտանգ, պատասխանատու ու արդյունավետ կերպով օգտվելը կարող է բերել ֆինանսական բարեկեցության։ Այդ նպատակով 2014 թվականից Հայաստանում գործում է «Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը», որի երկրորդ փուլում ենք այսօր:
Նա նշեց, որ Կենտրոնական բանկը հատկապես կարևորում է ֆինանսական կրթությունը դպրոցից սկսելը, քանի որ մարդիկ հասուն կյանք են մտնում կյանքի առաջին հատվածում ստացած գիտելիքներով ու հմտություններով։ Եվ հատկապես այս հարցում մենք շատ դրական և արդյունավետ է գնահատում ԿԲ և Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության համագործակցությունը։
Նոր նախագծեր են նախատեսվում իրականացնել թե՛ դպրոցի և թե՛ մյուս թիրախների համար։ Կարևոր է հասկանալ, որ 21-րդ դարի անընդհատ փոփոխվող մարտահրավերներին այլևս չեն կարող պատասխանվել հին մոտեցումներով։ Նորարարական լուծումներ են պետք։
Այս առումով, բարձր գնահատեց ֆինանսական կրթության նախագծերում ներգրավվածների ջանքերը, և մեծ հաջողություններ մաղթեց հետագա բոլոր նախաձեռնություններում։
Ժաննա Անդրեասյանը ողջունեց ֆինանսական կրթություն իրականացնող բոլոր կառույցներին և շեշտեց «Ֆինանսական կրթությունը» դպրոցում ծրագրի կարևորությունը։ Նա ուրախությամբ հայտնեց, որ այժմ հանրապետության բոլոր դպրոցներում ինտեգրված կերպով դասավանդվում է ֆինանսական կրթություն․ 4 առարկաներ (Ես և շրջակա աշխարհ, մաթեմատիկա, հանրահաշիվ, հասարակագիտություն), 2-րդ 11-րդ դասարաններ, շուրջ 406 000 աշակերտներ ֆինանսական գիտելիքներով են զինվում, որպեսզի ավելի պատրաստված մտնեն կյանք։ Սա հնարավոր եղավ իրականացնել ֆինանսական կրթության վերապատրաստումների շնորհիվ, որոնցում ընդգրկվել են 1399 դպրոցներից 9560 ուսուցիչներ։ Քսանից ավել կրթական նյութեր են պատրաստվել ու փոխանցվել դպրոցին, որոնք կիրառվում են աշակերտների և ուսուցիչների կողմից, այդ թվում՝ «Ֆինանսական կրթություն և մաթեմատիկա․ խնդիրների և առաջադրանքների ժողովածու»-ն, որի շնորհանդեսն էր այսօր։ Ժաննա Անդրեասյանը բարձր գնահատեց ֆինանսական կրթության ոլորտում իրականացված հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ուրախությամբ հայտնեց, որ այս ոլորտում Հայաստանը օրինակ է միջազգային հարթակում։
Ֆինանսական կրթությունը դպրոցում ծրագրի հետագա քայլերում նշվեց ուսուցիչների մեթոդական հմտությունների զարգացումը՝ նրանց քոուչինգի հմտություններ փոխանցելով։ Այժմ Երևանի՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում Կենտրոնական բանկի, Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի հետ միասին փորձարկվում է դպրոցում քոուչինգային մեթոդների ու գործիքների կիրառումը։ Զուգահեռ ստեղծվում է մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար։ Փորձարկումը հաջողելու պարագայում հնարավոր կլինի այն ուսուցիչների ավելի լայն շրջանակում տարածել, որի միջոցով կհարստանան ուսուցիչների մեթոդական հմտությունները։
Այնուհետև բանախոսները ներկայացրին վերջին եռամսյակում իրականացված նախաձեռնություններն ու ծրագրերի արդյունքները։ Ներկայացվեցին Բանկային հաշվի խթանման ծրագիրը, լայն հանրության համար իրականացվող ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց հետազոտությանը, թե արդյոք ուսուցիչները կարող են սովորել առցանց, ֆինանսական կրթության մատենաչափական վերլուծությունը և ներկայացվոժեց ֆինանսական կրթությունը չափող նոր մակրոտնտեսական ցուցանիշը։