ՊՆ-ի պարզաբանումը որևէ ձև ընդունելի չէ. Տիգրան Աբրահամյան
Արդեն 3 օր է լուր չունենք Սոթք-Խոզնավար (Սև լիճ) հատվածում անհետացած 2 զինծառայողի հարցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում՝ մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ հանգամանքներում, ովքե՞ր են արձանագրվածի պատասխանատուները և այլն։
Մեկ հանգամանք ևս, ՊՆ-ի՝ այդ 2 զինծառայողների՝ առանց զենք առաջնագծում գտնվելու մասին տեղեկությունը, որևէ հիմնավորում չունի։
Եվ ՊՆ-ի պարզաբանումը, թե նրանք այնպիսի ծառայության մեջ են գտնվել, որը ենթադրել է զենքի բացակայություն, որևէ ձևի ընդունելի չէ։
Հատկապես սահմանագծի այդ հատվածի՝ մասամբ կահավորված լինելու պարագայում, առհասարակ անթույլատրելի է առանց զենքի ցանկացած շարժ։
Հուսով եմ՝ առաջիկայում, մեր 2 զինծառայողների հարցով լավ նորություն կունենանք, ինչը սակայն թեմայի հետ կապված որոշ մտահոգություններ այդպես էլ չի փարատի։