Ընտրություններից հետո իշխանությունները փորձում են ուժի գործադրմամբ ամրապնդել իրենց դիրքերը, բայց դա նրանց չի հաջողվի: Այս մասին հուլիսի 17-ին «Իրավական մարտահրավերները Հայաստանում» թեմայով համաժողովին ասաց Գեղամ Նազարյանը, ով այսօր բերման էր ենթարկվել:

Անդրադառնալով ոստիկանության աշխատակիցների կողմից իր վրա հարձակման հետ կապված այսօրվա միջադեպի մանրամասներին՝ նա պատմեց, թե ինչ է պատահել, երբ նա շտապում էր միջոցառմանը («Իրավական մարտահրավերները Հայաստանում» համաժողովին - խմբ.):

«Երբ իջա ավտոմեքենայից եւ քայլեցի այստեղ, նկատեցի, որ երեք ոստիկան («Կարմիր բերետավորներ») կոպիտ կերպով մի աղջկա են բերման ենթարկում եւ հեգնանքով ասացի, որ ամեն ինչ «ճիշտ» են անում: Այս միջադեպից որոշ ժամանակ անց կարմիր բերետավորների 3-4 սպա վազեց դեպի ինձ եւ հարձակվեց վրաս: Նրանցից մեկն ասաց՝ արա այնպես, որ գլուխը գետնին խփես: Հետո եւս 15-20 ոստիկան հավաքվեց եւ ինձ տարավ ոստիկանության Մաշտոցի բաժին: Այնտեղ իրավիճակն այլ էր: Ես հանդիպեցի ոստիկանության մեկ այլ խմբի, որոնք նույնպես հոգնել են այն ամենից, ինչ տեղի է ունենում: Դրանից հետո «Կարմիր բերետավորները» մի թուղթ բերեցին, որում ասվում էր, որ ինձ իբր բերել են ոչ թե «Էրեբունի պլազայի» մոտ, այլ Տիգրան Մեծի պողոտա, որտեղ ես իբր մասնակցել եմ ինչ-որ ակցիայի եւ չեմ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին»,- ասաց Նազարյանը: Նա այս գործողությունները չկապեց իր կատարած երեկվա գրառման հետ: «Ես կասկածում եմ, որ առաջին միջադեպից հետո հրաման է տրվել հարձակվել ինձ վրա»,- պարզաբանեց Նազարյանը:

Նշենք, որ այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ուժեղացված հսկողություն են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներ Տարոն Ղազարյանը, Գառնիկ Մելքումյանը, Վարդան Գալստյանը եւ մի քանի այլ անձ բերման է ենթարկվել: Նրանք բոլորը փորձում էին խաղաղ բողոքի ցույց անցկացնել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն