9 օրվա 15 զոհի ու «Շումախերից ավելի լավ» վարորդների մասին․ ավտովթարների թիվն աճում է, զգոնությունը՝ նվազում
Ճանապարհատրանսպորտային պատահարները տարեց տարի ոչ միայն չեն նվազում այլև զգալի ավելանում են ։ Վերջին օրերին, նաև եղանակային պայմաններից ելնելով, ճանապարհներին ավելի հաճախ ենք վթարների հանդիպում։ 2023-ի առաջին 9 օրերին արդեն 15 մարդ է մահացել ավտովթարներից։ Մտահոգիչ վիճակագրության հետևում անուշադիր վարորդներն ու հետիոտներն են, երբեմն էլ՝ սխալ կամ թերի կահավորված ճանապարհները, պետական կառույցների թերացումները։ Ըստ վիճակագրության՝ 2019-ին 2006-ից ի վեր ամենաշատ ճանապարհատրանսպորտային պատահարներն են գրանցվել, թեև ներդրվել են տեսանկարահանող սարքեր, արագաչափներ, բալային համակարգ ու նոր պարեկային ծառայություն։ Մասնագետները կարծում են, որ մտահոգիչ վիճակագրությունը փոխելու համար միայն տուգանելը բավարար չէ, պետք է սոցիալական բազմաշերտ աշխատանք իրականացնել, կարծրատիպեր փոխել։
2023-ի առաջին 9 օրերին արդեն 15 մարդ է մահացել ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Մտահոգիչ վիճակագրության վրա հանրային ուշադրությունը կենտոնացավ հատկապես հունվարի 7-ի ողբերգական ավտովթարից հետո, երբ զոհվեց մի ամբողջ ընտանիք՝ 6 մարդ, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխա։
Տարվա այս շրջանում վթարների հիմնական պատճառը սառած ավտոճանապարհներն ու եղանակային վատ պայմաններն են։ Տպավորություն է, որ վարորդները ձմռան գալուց տեղյակ չեն՝ նկատում է ճանապարհային երթևեկության անվտանգության փորձագետ Արտակ Խաչատրյանը։ Չնայած մտահոգիչ թվերին, Խաչատրյանը նաև հուսադրող արձանագրում է անում․ ըստ նրա՝ այս տարի Ամանորին ղեկին ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդներ ավելի քիչ են եղել։
«Բոլորս էլ գիտենք, որ ամեն տարի վարորդները նոր տարվա օրերին խմում, ու խմած ղեկին են նստում, դա գաղտնիք չէ, սակայն այս տարի մենք արդեն հասցրել ենք վերլուծություն ու սոցիալական հարցում իրականացնել, ինչը ցույց է տալիս, որ անհամեմատ ավելի քիչ վարորդներ են ոչ սթափ վիճակում ղեկին եղել։
Նախորդ ամբողջ տարվա ընթացքում ավելի թիրախային ու հետևողական պայքար է իրականացվել հենց այս իրավախախտման դեպքերով։ Եթե նույնիսկ եղել են խմած վարորդներ, ապա վստահաբար, նրանք ավելի մեծ դիսկոնֆորտի մեջ են եղել»,– ասում է փորձագետը։
2022-ի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը դեռ ամփոփված չէ։ Սակայն, օրինակ՝ 2021-ին 4604 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, 2020 –ին՝ 4016: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տվյալներով՝ վերջին տարիներին ավելացել է պատահարների հետևանքով զոհվածների, տուժածների թիվը։ 2021 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 368 մարդ, 2020–ին ՝ 348:
Ճանապարհների որակ, նշագծում, համապատասխան կահավորում և, որ ամենակարևորն է, մեքենաների քանակի կտրուկ ացվելացում․ Երևանյան ավտոդպրոցներից մեկի տնօրեն Արտաշես Ստեփանյանի կարծիքով՝ սրանք ավտոճանապարհային պատահարների հիմնական պատճառներն են։ Իսկ երբ սրանց գումարվում է մեքենա վարելու մշակույթի բացակայությունը, վթարներն անխուսափելի են դառնում։
«Միանշանակ, մենք չունենք գրագետ վարորդներ․ մենք տարվա մեջ 3 անգամ ձյուն ենք տեսնում, ինչից հետո կաթվածահար է լինում ողջ պետությունը։ Ցավոք սրտի Հայաստանի ավտոպարկը հին է, վարորդները չեն կարողանում իրենց թույլ տալ ձեռք բերել նոր ձմեռային անվադողեր, ավելի ժամանակակից մեքենաներ։ Բացի այդ պետք է շատ փորձ ձեռք բերել։ Մեր երկրում շատ շատերին թվում է, որ իրենք Միխայիլ Շումախերից մի քիչ ավելի լավ են վարում»,– ասում է Արտաշես Ստեփանյանը։
Անցած մի քանի տարում պետությունը ճանապարհային երթևեկությունը կարգավորելու համար մի քանի նորամուծություններ արեց։ Արագաչափներ, տեսանկարահանող սարքեր, լրացուցիչ լուսավորում, կահավորում և այլն։ Սակայն, զրուցակցիս կարծիքով՝ ակնկալված արդյունքը չկա։ Արտաշես Ստեփանյանը գտնում է, որ Հայաստանում գործող տուգանային մեխանիզմերը թերի են։
«Մենք պետք է ոչ միայն ֆինանսական պատասխանատվության ենթարկենք մարդկանց իրավախախտում թույլ տալու դեպքում, այլ նաև պետք է սոցիալական աշխատանք տանել, սոցիալական գովազդների միջոցով կարծրատիպեր փոխել, փորձել, այսպես ասած, ամաչեցնել վարորդներին, քանի որ գաղտնիք չէ, որ մենք հասարակության կարծիքից կախված հասարակություն ունենք»,– կարծում է ավտոդպրոցի տնօրենը։
Իրավիճակը շտկելու համար նաև թիրախավորված պայքար է պետք։ Ճանապարհային երթևեկության անվտանգության փորձագետ Արտակ Խաչատրյանն ասում է՝ վերջերս ներդրված պարեկային ծառայությունն այս առումով իր վրա դրված խնդիրը կատարում է․ սակայն պայքարը պետք է ավելի թիրախային լինի, նպատակն էլ ոչ թե տուգանելը այլ վթարները կանխելը պետք է լինի․
«Վարորդները, ինչպես առաջ ամրագոտի չէին կապում, հիմա էլ չեն կապում, ինչպես չէին զիջում ճանապարհը, հիմա էլ չեն զիջում։ Եթե ամփոփենք ինչ է պետք անել․ անհրաժեշտ է երթևեկության անվտանգությանն ուղղված թիրախավորված պայքար, օրինակ՝ կարգազանց հետիոտներին մայթ դուրս բերելը և այլն»։
Ի դեպ՝ հետիոտների մասին․ ըստ տարբեր վիճակագրությունների՝ յուրաքանչյուր 4–րդ պատահարը վրաերթ է․ հետիոտների անուշադրության, անզգուշության, ավելորդ ինքնավստահություն ու չնախատեսված վայրով փողոցն անցնելու մոլուցքի հետևանք։ Այլ խոսքով՝ շատ հաճախ պատահարի մեղավորը հետիոտնն է: Մի կետից մյուսը մի քանի վայրկյան շուտ հասնելու համար չարժե ճանապարհն անցնել չթույլատրվող հատվածներով՝ վտանգելով կյանքը, նաև անհարմարություն ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար՝ նկատում են մասնագետները:
Հիշե՛ք, ձեզ տանը սպասում են: