Ռուսաստանը և Հայաստանը Ղարաբաղի հարցով տարբեր մակարդակներով բանակցում են. Պեսկով
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը Ղարաբաղի հարցով տարբեր մակարդակներով բանակցում են: ՌԴ նախագահի խոսնակը նաև մեկնաբանել է Արցախում ՄԱԿ-ի մանդատով օժտված միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորության հարցը։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահներ Ղարաբաղ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել: Հայաստանի առաջարկը՝ ՄԱԿ-ի ԱԽ հավանական դիմում ներկայացնելու վերաբերյալ, Մոսկվայի և Երևանի միջև քննարկվում է աշխատանքային մակարդակով, սակայն այդ խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը»,- ասել է Պեսկովը:
ՀԱՊԿ-Ը ԸՄԲՌՆՈՒՄՈՎ Է ՄՈՏԵՆՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է՝ ՀԱՊԿ-ը հուսով է, որ դաշինքի անվտանգությունը չի տուժի Հայաստանում «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկումից: Նրա խոսքով՝ կազմակերպությունը, այնուհանդերձ, ըմբռնումով է մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը կարող է խանգարել 2023 թվականին այս միջոցառման անցկացմանը։
Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկություն են ստացել 2023 թ. Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժություն անցկացնելու ոչ նպատակահարմար լինելու մասին և առաջարկներ են մշակում համատեղ զորավարժությունները կազմակերպության անդամ այլ երկրների տարածքում անցկացնելու հնարավորության վերաբերյալ:
ՕՍՄԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ Օսմանիի ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ազդեցությամբ։
Օսմանին կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունն ու կառուցողական և արդյունավետ երկխոսություն սկսել։ Օսմանին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և երկրների միջև վստահության ամրապնդման քայլերը՝ որպես ԵԱՀԿ-ի գործիքակազմի մաս, առանցքային տարրեր են առկա խնդիրները հաղթահարելու համար, որոնց բախվում են մարդիկ։ ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է լարվածությունը թուլացնելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերում անձնապես ներգրավվելու պատրաստակամությունը։ Նա նաև հայտնել է, որ կայցելի Հայաստան և Ադրբեջան։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցով քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Դոնֆրիդը կոչ է արել վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը և կրկին ներգրավվել կայուն խաղաղության հաստատման գործընթացին: Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե կարգավորման գործընթացը խաթարում է հայկական կողմը:
Հիշեցնենք՝ երեկ Դոնֆրիդը հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Միրզոյանը ներկայացրել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը, շեշտել, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Տեղի է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները: Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերություններին և Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում գործակցության հետ կապված մի շարք հարցերի։
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների հետ կապված նամակ է հղել Շվեյցարիայի կառավարությանը: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջած հումանիտար իրավիճակի կապակցությամբ և դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումը։
Հանձնաժողովը խնդրել է կառավարությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում գործողություններ ձեռնարկել՝ նպաստել միջանցքի ապաշրջափակմանը և Երևանի ու Ստեփանակերտի միջև օդային մարդասիրական կամուրջ կազմակերպել։