Խաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր Ռուբեն
4-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ.
«Այսօր եղեւ փրկութիւն տանս այսմիկ»։
սիրելի՛ հոգևոր հայրեր,
Արարատ քաղաքի բարեպաշտ զավակներ,
Այս օրը պարզապես տարեդարձ չէ։ Սա հավատքի վկայություն է, պատմության, հիշողության և հավատի հանդիպում։ Սա այն օրվա շարունակությունն է, որի մասին Ավետարանիչը գրում է. «Այսօր փրկություն եկավ այս տան վրա»։ Այս տոնի մեջ, ասես, միավորվում են երեք մեծ խորհուրդներ՝ Խաչի խորհուրդը, Փրկության խորհուրդը և Եկեղեցու խորհուրդը։
Ուստի այսօր երկրպագելով Տիրոջ Խաչափայտի մասունքին՝ մենք չենք երկրպագում փայտին։ Մենք երկրպագում ենք այն սիրուն, որով Աստված աշխարհը սիրեց։ Մենք խոնարհվում ենք այն զոհաբերության առջև, որով Քրիստոս իր կյանքը տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Խաչը մեզ հիշեցնում է, որ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը, և Աստծո ողորմությունը ավելի զորեղ է, քան մեր անկումները։
Պատահական չէ, որ այս եկեղեցին կոչվում է «Սուրբ Ամենափրկիչ», որը քաղաքի հավատի խոստովանության խորհրդանիշն է։ Գեղեցիկ անվանում է, միևնույն ժամանակ՝ հավատքի հայտարարություն։ «Ամենափրկիչը» նա է, ով փրկում է բոլոր նրանց, ովքեր հավատքով մոտենում են իրեն, նա է, ով եկավ «փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկ. 19։10), ով ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհ. 14։6)։
Այս եկեղեցու «Սուրբ Ամենափրկիչ» անունը, կարծես մշտապես հնչող ավետարանական քարոզ լինի Արարատ քաղաքի վրա։ Այն հիշեցնում է մեզ, որ կյանք ունենք ոչ միայն ապրելու, աշխատելու և վայելելու, այլ հատկապես Աստծո հետ կենդանի հաղորդության մեջ գտնվելու համար։
Արարատ քաղաքն առանձնահատուկ պատմություն ունի։ Այս քաղաքը ձևավորվել է պատմական այնպիսի ժամանակներում, երբ Հայաստանում տիրում էր աստվածամերժ և հակաեկեղեցական վարչակարգը։ Եկեղեցիները փակվում էին, զանգերը լռեցվում, խաչերը վայր էին գցվում, սրբավայրերը վերածվում պահեստների, ակումբների։ Մեր պապերից ու հայրերից փորձում էին խլել ոչ միայն եկեղեցին, այլև Աստծո հիշողությունը։ Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ կարելի է ավերել տաճարները, բայց հնարավոր չէ արմատախիլ անել հավատքը։ Կարելի է փակել եկեղեցու դռները, բայց հնարավոր չէ փակել Աստծուն փնտրող մարդու սիրտը։
Եվ ահա անկախության տարիներին, ինչպես անապատում ծաղկած այգի, Արարատ քաղաքում վեր է խոյանում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Սա քարաշեն կառույց չէ միայն, այլ հավատքի հաղթանակը՝ անհավատության վրա, հոգևոր հարության նշան։ Ինչպես մարգարեն է ասում. «Այն ժողովուրդը, որը քայլում էր խավարի միջով, մեծ լույս տեսավ» (Ես․ 9։2)։
Եկեղեցին պարզապես քարերից կառուցված շինություն չէ, ոչ էլ միայն մի վայր, որտեղ մարդիկ հավաքվում են աղոթելու։ Եկեղեցին Աստծո տունն է, Նրա սրբազան ներկայության տեսանելի նշանը աշխարհի մեջ, այն տեղը, որտեղ երկինքն ու երկիրը հանդիպում են միմյանց։ Այն Աստծո ոտնահետքն է, Նրա մշտական ներկայության վկայությունը մեր ժողովրդի կյանքում։
Սուրբ Գիրքը Եկեղեցին կոչում է Քրիստոսի Մարմին (Եփես. 1։23), որովհետև այստեղ միայն Աստծո մասին չէ, որ խոսում են։ Այստեղ ապրում և ներգործում է Ինքը՝ Քրիստոսը։ Եկեղեցին այն սուրբ տարածքն է, որտեղ մենք վերագտնում ենք մեր իսկական ինքնությունը՝ որպես Աստծո որդիներ։ Աշխարհը հաճախ մեզ սովորեցնում է, թե մենք պարզապես սպառողներ ենք, քաղաքացիներ, մասնագիտություններ կամ թվեր, մինչդեռ Եկեղեցին մեզ հիշեցնում է, որ մենք Աստծո զավակներն ենք՝ կանչված հավիտենական կյանքի։
Մարդու ամբողջ կյանքը՝ ծնունդից մինչև մահ, անցնում է Եկեղեցու օրհնության ներքո։ Հետևաբար Եկեղեցին մեր կյանքի ուղեկիցն է, հոգևոր մայրը, որ մշտապես ծնունդ է տալիս, խնամում, կրթում և առաջնորդում իր զավակներին։
Պատահական չէ, որ Սուրբ Հովհան Ոսկեբերանը Եկեղեցին անվանում է «երկրային երկինք»։ Այստեղ է հնչում Աստծո խոսքը, այստեղ են մատուցվում երկնային խորհուրդները, այստեղ են հրեշտակների և մարդկանց ձայները միախառնվում մեկ փառաբանության մեջ։
Այս տոնական օրը առանձնահատուկ երախտագիտությամբ հիշում ենք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բարերար, Արարատ քաղաքի բարեպաշտ զավակ Արթուր Խաչատրյանին, որի հավատքի, նվիրումի և բարեսիրության շնորհիվ Արարատ քաղաքն ունեցավ այս գեղեցիկ սրբավայրը։ Եկեղեցի կառուցելը սովորական բարեգործություն չէ։ Դպրոց կառուցողը կրթում է սերունդ, հիվանդանոց կառուցողը բուժում է սերունդ, իսկ եկեղեցի կառուցողը հոգևոր կյանք է պարգևում բազմաթիվ սերունդների։ Թող Աստված բազմապատիկ հատուցի նրա և նրա ընտանիքի բոլոր զոհողություններն ու բարի գործերը։
Սակայն, սիրելի՛ հավատացյալներ, եկեղեցի կառուցելը գործի միայն կեսն է։ Մյուս կեսը մերն է։ Եթե եկեղեցին լցված չէ աղոթքով, մնում է միայն շինություն։ Եթե եկեղեցին լցված չէ հավատացյալներով, այն մնում է միայն ճարտարապետություն։ Եթե եկեղեցու զանգը կանչում է, բայց մենք չենք արձագանքում, ապա քարերն ավելի հավատավոր են դառնում, քան մարդիկ։ Ուստի այս տարեդարձը նաև կոչ է մեզ՝ ավելի սիրելու մեր եկեղեցին, ավելի հաճախ մասնակցելու Սուրբ Պատարագին, ավելի գիտակցաբար ապրելու մեր քրիստոնեական կոչումը։
Երախտիքի խոսքս կուզենայի ուղղել այս եկեղեցու Սուրբ Սեղանի սպասավորներին՝ Տեր Արտաշեսին, Տեր Զարեհին եւ ներկայիս հոգևոր հովիվ Տեր Արծրունին, իրենց անձնվեր ծառայության մատնանշումով: Առանձնակի բերկրանքով, շնորհակալ սրտով իմ օրհնությունը երգչախմբին եւ դպրաց դասին, դուք այս եկեղեցու ե’ւ տավիղն եք, ե’ւ քնարը, ե’ւ սաղմոսարանն ու շարականը, դուք այս եկեղեցու մեղեդին եք՝ Սուրբ Հոգու ներկայության շունչը։
Քաղաքի անունն ինքնին խորհրդանշական է։ Բիբլիական Արարատը Նոյյան տապանի հանգրվանն է։ Արարատը նոր կյանքի սկիզբն է։ Արարատը փրկության լեռն է։ Եվ որքան գեղեցիկ է, որ Արարատ անվամբ քաղաքի սրտում վեր է խոյանում Սուրբ Ամենափրկիչ տաճարը։
Այսօր, Խաչափայտի սրբազան մասունքի ներկայությամբ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման չորրորդ տարեդարձին, մեր սրտում նորոգենք ուխտը Քրիստոսի հետ՝ հիշելով, որ Խաչը միայն անցյալի հիշատակ չէ, այլ ներկայի ուժ և ապագայի հույս, որ եկեղեցին միայն շինություն չէ, այլ փրկության տապան, որ Ամենափրկիչը միայն եկեղեցու անուն չէ, այլ մեր կյանքի Տերն է։
Այդժամ այսօր հնչած ավետարանական խոսքը կդառնա իրականություն ոչ միայն այս տաճարի, այլև մեզանից յուրաքանչյուրի համար.






































