Սեպտեմբերի 23-ին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց՝ տարածաշրջանում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի իրական հավասարակշռություն։ Նա նաև հայտնեց Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և այդ գործընկերությունն ինստիտուցիոնալացնելու Թեհրանի մտադրության մասին։

Այս երկու ուղերձների համադրությունը հստակ քաղաքական իմաստ ունի: Իրանը Հայաստանի ամրապնդումը դիտարկում է որպես տարածաշրջանային հավասարակշռության բաղադրիչ։ Իհարկե, Թեհրանն առաջնորդվում է սեփական շահերով, բայց այստեղ դրանք համընկնում են Հայաստանի կենսական շահի՝ Ադրբեջանի նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու հետ։

Եվ հենց այս պայմաններում հայտնվում է հակառակ ուղղությամբ մտահոգիչ ազդակ։

Ըստ Wall Street Journal-ի՝ ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի պայմաններում մի շարք երկրներում չեղարկվում են իրանական ավիափոխադրողների չվերթները։ Սահմանափակումների վտանգի տակ են նրանց վառելիք և այլ ծառայություններ տրամադրող օտարերկրյա ընկերությունները։

Հայաստանում ևս արձանագրվել են չեղարկումներ: «Ա1+»-ի տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի Երևան-Թեհրան երեք չվերթից մեկը, իսկ հաջորդ օրվա երկուսից՝ մեկը։ Սակայն դրանց պատճառը և պատժամիջոցներին միանալու պետական որոշման առկայությունը հրապարակայնորեն հաստատված չեն։ Լրատվամիջոցը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պատասխան չի ստացել։

Հենց այստեղ է իշխանության քաղաքական պատասխանատվությունը։ Երբ հարևանը ռազմավարական գործընկերության պատրաստակամություն է հայտնում, իսկ երկկողմ հաղորդակցությունը խափանվում է արտաքին ճնշման պայմաններում, կառավարությունը պարտավոր է հստակ պատասխանել՝ ո՞վ է կայացրել որոշումը, ի՞նչ հիմքով և ի՞նչ քայլեր են արվում կապը պահպանելու համար։

Եթե չեղարկումները ամերիկյան ճնշմանը հարմարվելու հետևանք են, ապա «հավասարակշռված արտաքին քաղաքականության» մասին իշխանության խոսքը բախվում է իր առաջին իսկ գործնական քննությանը։ Ստացվում է՝ Հայաստանը կարող է թուլացնել այն կապը, որի ամրապնդմամբ հնարավոր է բարելավել սեփական բանակցային դիրքը։

ԱՄՆ-ի հետ գործընկերությունը զարգացնելիս իշխանությունը պարտավոր է պաշտպանել նաև Իրանի հետ Հայաստանի կենսական հաղորդակցությունը՝ բանակցելով դրա պահպանման գործուն լուծումների շուրջ։

Ինքնիշխանությունը չափվում է արտաքին ճնշման պահին սեփական շահը պաշտպանելու կարողությամբ։ Եթե ռազմավարական հնարավորություն ստանալու պահին իշխանությունը կարողանում է միայն հարմարվել ուրիշի պահանջներին, նրա հռչակած անկախությունը մնում է առանց գործնական բովանդակության։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ