Դիվերսիֆիկացիան միայն տարբեր երկրներից զենք գնելը չէ
Իշխանությունը խոսում է պաշտպանական ոլորտի դիվերսիֆիկացիայի, նոր գործընկերների և նոր սպառազինությունների ձեռքբերման մասին, բայց դիվերսիֆիկացիան միայն տարբեր երկրներից զենք գնելը չէ։ Դիվերսիֆիկացիան առաջին հերթին այնպիսի պաշտպանական համակարգի ձևավորում է, որի բոլոր բաղադրիչները միասին իրական և փոխլրացնող անվտանգություն են ապահովում։ Ինձ համար խնդիրը հենց այստեղ է։ Եթե ասում եք, որ այս կամ այն համակարգն այլևս անհրաժեշտ չէ, ապա պարտավոր եք հասարակությանը հստակ ցույց տալ, թե ինչո՞վ եք այն փոխարինում։ Որտե՞ղ է այլընտրանքը, ո՞րն է նոր պաշտպանական համակարգը, ի՞նչ իրական երաշխիքներ ունենք, և որո՞նք են այդ երաշխիքների ժամկետներն ու պայմանները։ Չի կարելի անվտանգության համակարգից որևէ բաղադրիչ հեռացնել կամ դրա նշանակությունը նվազեցնել և ասել՝ հետո կտեսնենք, թե ինչ ենք կառուցելու դրա փոխարեն։ Այս իշխանությունների հիմնական խնդիրն ու, ես կասեի, տգիտությունն այստեղ է դրսևորվում, որ քանդում են հինը, բայց հասարակությանը չեն ներկայացնում դրան համարժեք նոր համակարգը։ Կրկնում եմ, միայն նոր զինատեսակների գնումը դեռ նոր պաշտպանական համակարգ չի նշանակում։ Զենքը կարող ես գնել, բայց դրա հետ պետք է ունենաս համապատասխան ենթակառուցվածքներ, մասնագետներ, կառավարման համակարգ, հետախուզական և հակաօդային կարողություններ, դաշնակցային ու անվտանգային հստակ մեխանիզմներ։ Սրանք են միասին ձևավորում պաշտպանական համակարգը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































