Թե ինչ է տեղի ունեցել հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ազատ գյուղի տարածքում տեղակայված  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, կպարզի քննությունը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։ Նախնական վարկածը, որն ըստ քննչական կոմիտեի նախագահի հիմնավոր է, հրդեհային  անվտանգության կանոնների խախտումն է։ Վաղ առավոտյան  պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված  զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել և չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, կան զոհեր և վիրավորներ։ Ավելի ուշ հստակեցվեց՝ հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։  Ըստ դատախազության՝ մահացածները պարտադիր ժամկետային զինծառայողներ են։ Կառավարության նիստին տեղի ունեցած ունեցածի վերաբերյալ մանրամասներ են  ներկայացրել պաշտպանության նախարարն ու քննչական կոմիտեի նախագահը։

15 զոհ ու 3 ծանր վիրավոր․ գիշերըԳեղարքունիքի մարզում՝ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգության նախնական վարկածը հրդեհային անվտանգության կանոնների խախտումն է։ Հայաստանի վարչապետի տեղեկացմամբ,  նախնական տվյալներով՝  զորամասի ինժեներասարկրավորային վաշտի կացարանում փորձ է արվել բենզինն օգտագործել վառարանը վառելու համար։

«Նախնական տվյալներով՝ փորձ է արվել 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ։ Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո սպան, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ, ենթադրում ենք՝ ոչ դիտավորյալ»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝  հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց:



«Խոսքն ավտոբենզինի մասին է, որը հնարավոր չի եղել հետագայում մարել»։

Զինծառայողները գտնվել են ժամանակավոր կացարանում, ինչը սակայն հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հետ որևէ կապ չունի՝ հայտարարեց կառավարության ղեկավարը։ Քննչական կոմիտեի  տվյալներով նույնպես հրդեհը բռնկվել է անվտանգային կանոնների խախտման հետևանքով։ Արգիշտի Քարամյանի խոսքով՝ սա նախնական , բայց այս պահի դրությամբ ամենահիմնավոր վարկածն է։

«ՊՆ զորամասերից մեկի մեկ վաշտի տեղակայման վայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532 հոդվածի 4–րդ մասով՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Դեպքում վայրում են քննչական խմբի անդամները։ Կա նախնական վարկած, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Սա նախնական վարկած է,  որն այս պահի դրությամբ բավականին հիմնավորվել է»։

15 զինծառայողի մահվան դեպքից հետո զինված ուժերում պաշտոնանկություններ կան։ Զբաղեցրած պաշտոններից  ազատվել են  2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, թիկունքի պետը, կորպուսի հրամանատարի տեղակալը մարտական հերթապահության գծով, N զորամասի շտաբի պետը, հրամանատարի տեղակալը թիկունքի գծով, զորամասի ինժեներական ծառայության պետը, N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը և զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը։

Մինչ Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն քննում են գործի հանգամանքները,  հանրային ու քաղաքացիական տարբեր շրջանակներում քննարկվող գլխավոր  հարցը մեղավորների պատասխանատվության խնդիրն է։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները կարծում են, որ ողբերգության  քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության մասին կխոսվի, երբ պարզվեն դեպքի բոլոր մանրամասները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան։

«Պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազների գտնել և ամեն նչ փաթաթել մեկ մարդու վզին» ։

Պաշտպանության նախկին նախարար,  «Հայաստան»  խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարծում է, որ զորամասում հրդեհի համար պատասխանատու են և հակահրդեհային անվտանգության մասնագետները, և բարձրաստիճան զինվորականներն ու պաշտոնյաները։

«Սա ցավալի միջադեպ է։ Մենք եթե ունենում ենք զոհեր և կորուստներ մարտական գործողությունների ժամանակ՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ, դա դեռ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ․ առանց անձնազոհության ու հերոսության անհնար է ապահովել հայրենիքի պաշտպանությունը, բայց համեմատաբար խաղաղ պայմաններում, ռազմական գործողություններից դուրս նման կորուստներ կրելն ուղղակի անթույլատրելի է»։ 

2–րդ բանակային կորպուսն արդեն նոր հրամանատար ունի։ Նախագահի հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար է  նշանակվել Գարեգին Պողոսյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն