Օդային հարձակումը՝ Թեհրանին ուղղված զգուշացում․ իրանագետները տարածաշրջանային լարվածության մասին
Վերջին օրերին Իրանում տեղի ունեցած իրադարձությունները ՝ օդային հարձակում, Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի դուրս բերում ու դրան նախորդած զարգացումներ, իրանագետները դիտարկում են որպես փոխկապակցված գործողություններ և տարածաշրջանում լարվածության մեծացում են կանխատեսում։
Սակայն չեն մոռանում նշել նաև լարվածությունը կառավարելի դարձնելու իրանական դիվանագիտության առանձնահատկության մասին ու այս համատեքստում կատարվածն ընդամենը Թեհրանին ուղղված զգուշացում են համարում։
ԱԹՍ-ներով հարձակում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի ուղղությամբ, երկրաշարժ, ադրբեջանցի դիվանագետների դուրս բերում Իրանից, դրան նախորդած հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Նախորդ երեք օրերին տեղի ունեցած իրադարձությունները միջազգային հանրության ուշադրությունը դարձյալ կենտրոնացրել են Իրանի վրա։
Պենտագոնի մամուլի քարտուղար Փատրիկ Ռայդերը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ։ Նրա խոսքով՝ամերիկացի զինվորականները չեն մասնակցել Իսլամական հանրապետությանը հասցված հարվածներին։
Երկու օր առաջ Իրանի զինված ուժերի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական գործարաններից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի կողմից «անհաջող հարձակման» մասին։ Ըստ հաղորդագրության՝ հրթիռներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, ևս երկուսը հայտնվել են պաշտպանական թակարդների մեջ և պայթել։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է ՊՆ արտադրամասի տանիքը։ Մարդկային զոհեր ու տեխնիկայի խափանում չի արձանագրվել։
Այս իրադարձություններին հաջորդեց Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա ավելի վաղ տեղի ունեցած հարձակման հետևանքով ադրբեջանցի դիվանագետների դուրս բերումը Թեհրանից։ Հաղորդվեց, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան բոլոր աշխատակիցներն արդեն տարհանվել են։ Եվ որքան էլ իրանական կողմը պնդում է, որ կատարվածը կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործություն է, այդուհանդերձ, ավելի քան 60 երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և դեսպանների կողմից կատարվածը որակվում է զինված հարձակում, ահաբեկչական գործողություն։
Բավական ակտիվ են Իրանի դեմ Իսրայելի կողմից ռազմական գործողություն սկսելու մասին տեղեկությունները։
Ի պատասխան դրանց՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարում է, որ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի դեմ ցանկացած գործողություն կարժանանա կոշտ պատասխանի։
Իրար հաջորդող զարգացումներն ու լարվածության մեծացումն Իրանում շատ փորձագետներ գնահատում են որպես մոտալուտ լայնածավալ բախման նախերգանք։
«Մոտավորապես պարզ է չէ՞, թե որտեղ և ինչ սցենարով է տեղի ունենալու Իրան ու Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը։ Նախիջևան-Սյունիք-ԼՂ օկուպացված տարածքներում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, կից հրապարակելով ասվածը հստակեցնող քարտեզ։
Իրանագետ Գոհար Իսկանդարյանն էլ նկատել է, որ Ադրբեջանը Իրանում դադարեցնում է դիվանագիտական աշխատանքը, քանի որ այդ երկրին հիմնավոր չեն թվում Իրանի իշխանությունների այն պնդումները, թե հարձակումը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:
«Այս առիթով Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ, Իրանի նախագահը խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, ցավակցել, խոստացել խնդիրը արագ պարզել, բայց դա չի խանգարել Ադրբեջանին փակել իր դեսպանատունը և հայտարարել, որ գործելու է միայն հյուպատոսական ծառայությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը, Իսրայելի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ միասին (թեպետ վերջինն առավել զուսպ է պահում իրեն Իրանի հարցում) կոնկրետ գործողությունների փուլ են մտնում: Իրանն ամեն կերպ փորձում է վիժեցնել լարվածությունը: Բայց ինչպես 1980-88թ. իրանա-իրաքյան պատերազմը դարձավ «պարտադրված պատերազմ», հիմա ականատես ենք լինում նույն սցենարին»:
Իրանագետը, մեջբերելով The Wall Street Journal-ի հրապարակումը, համոզմունք է հայտնել, որ Իրանի տարածքում տեղի ունեցածի հետևում կանգնած են Իսրայելը և ԱՄՆ–ն։ «Այդ երկրները փորձում են նոր ուղիներ գտնել զսպելու Իրանի միջուկային և ռազմական ամբիցիանները: Եթե Իսրայելը համարձակվել է անցնել բացահայտ հարձակման, ուրեմն ԱՄՆ-ից ստացել է կանաչ լույս»,-եզրակացնում է իրանագետը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը վերլուծական է հրապարակել տելեգրամյան իր ալիքում։ «Լրատվական աղմուկը և ապատեղեկատվական հոսքերը հստակ տեղավորվում են Իրանի նկատմամբ վարվող քարոզչական պատերազմի տիրույթում և նպատակ ունեին խուճապ տարածել իրանական հասարակության ներսում, ինչը մատնվել է անհաջողության։ Իրանը շարունակում է մնալ, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով»,-գրել է վերլուծաբանը։
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարևորում է հստակեցումը, թե որ երկրի տարածքից է ԱԹՍ արձակվել Իրանի ուղղությամբ։ Սա շատ հարցերի պատասխան կտա՝ ասում է։
«Ընդհանուր առմամբ՝ օդային հարձակումն Իրանի դեմ մի բանի ցուցիչ է, որ տարածաշրջանում լարվածությունն ավելի է խորանում, և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում հաստատված լարվածությունը շարունակվում է։ Տևական ժամանակ մենք տեսնում ենք այդ լարվածության աճը»։
Իրանագետ Էմմա Բեգիջանյանն օդային հարվածը Իրանի ուղղությամբ հստակ զգուշացում է համարում։
«Դա ԱԹՍ-ների փոքր տեսակ է, դրոններով հարձակումը նման օբյեկտների վրա ռազմական առումով մեծ բան չէ։ Գուցե ներսում հակված են ասել, որ դա Իսրայելի կողմից է, և դրանով մեսիջ են ուղարկում Իրանին, որ իսրայելական լրտեսական ցանցերը ձեր օբյեկտների տեղը գիտեն»։
Այն, որ Իրանի շուրջ լարվածություն կա, և բոլոր կողմերից ճնշումներ են բանեցվում, ակնհայտ է, բայց Թեհրանը փորձում է կառավարելի դարձնել այդ լարվածությունը, ինչը իրանական դիվանագիտության առանձնահատկությունն է՝ ասում է իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
Ի դեպ Սպահանը Իրանի խոշոր քաղաքներից և արդյունաբերական կենտրոններից է։ Այնտեղ են գտնվում փորձնական միջուկային ռեակտորը և միջուկային վառելիքի արտադրության համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։