«Եթե գիտակից են եղել, գոնե 5-ը կկարողանային փախչել»․ հրդեհից զոհված զինվորների հարազատները կասկածներ ունեն
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված և 15 զինվորի կյանք խլած հրդեհից 3 շաբաթ անց քրեական գործով 3 մեղադրյալ կա։ Զինվորական կացարանի հրդեհային անվտանգության ապահովման համար պատասխանատու 2 սպաները կալանավորված են, երրորդն առայժմ բուժում է ստանում այրվածքաբանության ազգային կենտրոնում։
Հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները, սակայն, հրդեհի պաշտոնական վարկածին չեն հավատում, իրարամերժ ու տարօրինակ են համարում հնչած մեկնաբանությունները։
Մահացած զինծառայողներրի լիազոր ներկայացուցիչ Նարայր Նորիկյանն ասում է՝ պատրաստվում են սեփական հետաքննությունը սկսել՝ պարզելու հրդեհի կամ զինծառայողների մահվան իրական պատճառն ու մեղավորներին։
Հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները հրդեհի պաշտոնական վարկածին չեն հավատում․ զոհված զինծառայողներից մեկի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը, վստահ է՝ եթե դեպքն իրոք նկարագրվածի պես է եղել, զինվորները գոնե պետք է փորձեին դուրս գալ, փախչել։
«Ես բազմիցս ասել եմ՝ երեխաներին կամ թունավորել են, կամ սպանել են, կամ էլ ադրբեջանցիների կողմից դիվերսիոն հարձակում է եղել։ Եթե նրանք գիտակից են եղել, ուրեմն գոնե նրանցից 5-ը կկարողանային փախչել․․․ Պառկած տեղում վառվել են․․․ Ես մտել եմ դիահերձար ու տեսել եմ, օրինակ Արամս հենց քնած դիրքում էր»,– ասում է զոհված զինծառայողի պապիկը։
Զոհված զինծառայողների հարազատները որոշել են սեփական հետաքննությունը սկսել։ Մահացած զինծառայողների լիազոր ներկայացուցիչ Նարայր Նորիկյանն ասում է՝ պատրաստվում են դիմել նաև պաշտպանության նախարարին և հանրապետության զինվորական դատախազին՝ պահանջելով հանդիպել ու մանրամասներ ներկայացնել զոհերին հարազատներին։ Զոհված զինծառայողների հարազատներն ու նրանց ներկայացուցիչը իրարամերժ ու հակասական են համարում մինչ օրս հնչած վարկածներն ու պաշտոնապես հրապարակայնացված մանրամասները։
«Անհասկանալի է, թե ինչպես կարող էին նրանք այդ տարածքից դուրս գալու միջոցներ չձեռնարկել, կամ ճաղավանդակներով դուրս եկած զինվորները ինչո՞ւ չեն արթնացրել քնած զինվորներին։ Իմ կողմից պաշտոնական վարկածը կասկածի տակ դնելուց մի քանի օր կամ դեպքից 17 օր անց միայն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ զինվորական դատախազության ներկայացուցչի կողմից հայտարարվում է, որ զոհված զինծառայողներից 14–ի դիերը հայտնաբերվել են ոչ թե մահճակալների վրա, այլ ննջարանի տարբեր հատվածներում, իսկ զինծառայողներից մեկի դին՝ նախասրահում»,– մանրամասնում է Նորայր Նորիկյանը։
Հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ դեպքի օրը երեկոյան՝ 22։30-ի սահմաններում է վերջին անգամ տղայի հետ զրուցել։ Հայրը վստահ է՝ տղան մինչև կեսգիշեր արթուն է եղել, չի հասկանում, թե որդին ինչպես կարող էր մի ժամվա ընթացքում այդքան խորը քնել ու չարթնանալ։
«Մինչև 00։30 իմ տղան արթուն է եղել, վերջին հաղորդագրությունը ընկերուհուն այդ ժամանակ է ուղարկել, իրար բարի գիշեր են մաղթել 00։32-ին։ Ես ինչքան հասցրել եմ իմ գնալ–գալով տղաներին ճանաչել, շատ մտերիմ էին իրար հետ։ Տղաս պատմում էր, որ առանց մեկը մյուսի նույնիսկ հաց ուտելու չեն նստում։ Հարցնում էի՝ 18 տարեկան տաքարյուն տղաներ եք, խոսակցություն բան չի՞ լինում, ասում էր․ «Պապ ջան, եթե նույնիսկ լինում է, մենք շատ արագ հարթում ենք»,- ասում է զինծառայողի հայրը։
Այս պահի դրությամբ դեռ պատրաստ չէ դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Նորայր Նորիկյանն ասում է՝ պետք է յուրաքանյուր զինվորի պարագայում առանձին ուսումնասիրվի ու պարզվի՝ մահը երբ և ինչ հանգամանքներում է վրա հասել՝ ծխահարությո՞ւն, այրվածքնե՞ր, բռնությո՞ւն, թե՞ դիտավորյալ սպանություն։
Զոհված զինծառայողների հարազատների փաստաբանը շեշտում է՝ հատուկ ուշադրությամբ ուսումնասիրում են նաև այն պայմաններն ու կենցաղային հարմարությունները, որոնք եղել են այդ կացարանում։ Վստահեցնում է՝ «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի բազմաթիվ խախտումներ են արձանագրել։
«Օրենքի համաձայն՝ ժամը 20։00-ից հետո վառարանը պետք է չվառվեր, իսկ եթե տարածքի ջերմաստիճանը 18 աստիճանից ցածր է եղել, ապա վառարանը վառելը պետք է լիներ միայն գնդի հրամանատարի թույլտվությամբ։ Գործի հրապարակային տվյալները մեզ բերում են այն եզրակացության, որ վառարանը վառվել է գիշերը՝ 24։00-ից հետո, հիմա պետք է հասկանանք արդյո՞ք այդ կանոնը պահպանվել է, թե՞ ոչ»,-ասում է փաստաբանը։
Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի համաձայն՝ յուրաքանչյուր զինվոր կացարանում պետք է առնվազն 12 խորանարդ մետր տարածք ունենա։ Նարիկյանը վստահեցնում է՝ այրված կացարանն այս ու բազմաթիվ այլ նորմերի չի համապատասխանել։
Զոհված զինծառայողներից մեկի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը, մինչև դեպքը թոռանը մի քանի անգամ այցելել է, եղել է այրված կացարանում, ասում է՝ պայմանները, մեղմ ասած, անբավարար էին։
«Այդ կացարանը հազիվ 30 քառ․ մետր տարածք էր, 21 մահճակալի վրա հազիվ քնում էին։ Տեղ չկար, ինչպե՞ս կարող էին վազել կամ փախչել։ Այնտեղ ոչ մի պայման չկար, ոչ ջուր ունեին, ոչ լողանալու հարմարություններ․ ջուրը տաքացնում էին, «տազիկի» մեջ լողանում։ Զինվորներն իրանք էին բաղնիք սարքել, դեպքից հետո որ գնացի տեսա, սարքել վերջացրել էին»,– ասում է Արտյոմ Գրիգորյանը։
Դեպքից 28 օր հետո պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտող զինծառայողի պապը զայրանում է՝ ինչու են պաշտոնիաները կացարանը որակում որպես ժամանակավոր կացարան, եթե իր թոռը ծառայության 1.5 տարին հենց այդտեղ է անցկացրել։
Այս պահին քննչական կոմիտենում դեպքի առթիվ վարույթն ընթանում է զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ հոդվածով։ Այդ հանցանքի համար նախատեսվող պատիժը 4-8 տարի ժամկետով ազատազրկումն է։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրին» հայտնում է, որ գործով հրապարակման ենթակա նոր մանրամասներ չկան, այս պահի դրությամբ գործով 3 մեղադրյալ կա՝ հրդեհային անվտանգության ապահովման համար պատասխանատու սպաները և ավտոբենզինվով վառարանը վառելու համար մեղադրվող սպան։