Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր մեկնարկեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանի գործով առաջին դատական նիստը։

Նիստում առաջնահերթությամբ քննվում է Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը: Նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը միջնորդեցին գրավ կիրառել Արմեն Չարչյանի նկատմամբ:

«Ճիշտ է, դեռ մինչդատական վարույթում մենք մեր անհամաձայնությունը հայտնել ենք, որ ի սկզբանե պարոն Չարչյանի համար կալանավորումը որպես խափանման միջոց չէր կարող ընտրվեր, այն պատճառով, որ ոչ միայն առկա չեն կալանավորման հիմքեր, այլ ընդհանրապես առկա չէ կալանավորման հիմնավոր կասկած: Ուստի խնդրում եմ, հարգելի դատարան, մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով»,- իր ելույթում նշեց պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը: 

Ամբաստանյալի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հավելեց՝ հաշվի առնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը, ընտանեկան դրությունը, վերջինիս ստատուսը, դրսևորած վարքագիծը՝ առկա են բոլոր հիմքերը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար։

Վարդևանյանը նաև ընդգծեց, որ թեև գտնում են, որ  Չարչյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա, բայց միևնույն ժամանակ ընդունելի են համարում գրավի կիրառումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը. «Գրավի չափը չենք նշում, թողնում ենք դատարանի հայեցողությանը»,- ասաց Չարչյանի պաշտպանը:

Դատավոր Վահե Միսակյանն էլ նշեց, որ ամեն դեպքում որոշակի չափ պետք է ասել, քանի որ դատարանի հայեցողությունը լայն հասկացություն է: «Այդ դեպքում գրավի նվազագույն շեմը կարող ենք դիտարկել 10 մլն դրամը»,- հայտնեց Վարդևանյանը։

Արմեն Չարչյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն