Հայ փորձագետները վերլուծել են ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությամբ Հայաստանի տնտեսության  տարբեր ոլորտներում նկատված շարժերը։ Նրանց գնահատմամբ՝ արդեն մեկ տարի շարունակվող հակամարտությունը, բացասական բազմաթիվ ազդակներով հանդերձ,  հնարավորություն է տվել տնտեսության որոշակի ոլորտներում առաջանցիկ աճ ապահովել։

Հայաստանի տնտեսության վրա ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը, ռիսկերն ու հնարավոր սպառնալիքները հետազոտած խմբի անդամ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի խոսքով՝  ազդեցությունը դիտարկվել է երեք ուղղություններում՝  ֆինանսական, տնտեսության իրական և արտաքին հատվածներում։ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 8.5 տրլն դրամ։ Այս թիվը 2021-ին եղել է 7 տրլն ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունն ընդլայնվել է 1.5 տրլն դրամով, ինչն առավելաբար հենց ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ազդեցություն է։   

«2022 թ.-ի ընթացքում Ռուսաստանից Հայաստան բանկային համակարգով փոխանցումները կազմել են 1.3 տրլն դրամ։ Դա նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 1.1 տրլն դրամով։ Այսինքն՝  այդքան ավելացել է միայն Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների զուտ ներհոսքը։ Սա պատկերացում է տալիս, թե ինչ հավանական ազդեցություն կարող է ունենալ հակամարտությունը մեր տնտեսության վրա»։   

Տնտեսության տարբեր ոլորտներում  աճ է արձանագրվել, որը նախորդ տարիներին չի գրանցվել՝ նշում է հետազոտության համահեղինակը։ Ըստ նրա՝ ֆինանսական հատվածի՝  շուրջ 50 տոկոսով ընդլայնում կա։ 

Անդրադառնալով տնտեսության իրական հատվածի վրա պատերազմի ազդեցությանը՝ տնտեսագետ Անուշ Շիրինյանը նկատում է. «Գրանցվել է 22700 նոր անհատ ձեռնարկատեր և շուր 10 հազար ՍՊԸ։ 2022թ․ մարտ-նոյեմբերին ամիսներին ՀՀ-ում ԱՁ-ների և ՍՊԸ-ների սկզբնական գրանցումների  32 –ից 38 տոկոսը կարելի է վերագրել ռուս — ուկրաինական  հակամարտությամբ ստեղծված շոկային տնտեսական գործոններին»։

Փորձագետներից Աստղիկ Խաչատրյանը խոսում է  արտահանման ու ներմուծման վրա պատերազմի ազդեցության մասին։ Այդ մասով նույնպես աճը զգալի է եղել։ Ապրանքաշրջանառության երկնիշ աճը մարտին փոքր-ինչ դանդաղել է, ապա՝ դարձյալ աճել ։ 

«Մենք ունեցել ենք արտահանման 77.7 և ներմուծման 63.5 տոկոս աճ»։

Ըստ փորձագետի՝ Հայաստանից ապրանքների արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը շուրջ  45 տոկոս է։  Աստղիկ Խաչատրյանը նշում է, որ որպես ԵԱՏՄ անդամ երկիր մի շարք ապրանքատեսակների համար Հայաստանը նաև տարանցման դեր է կատարել։ Սա, ըստ փորձագետի, արտաքին առևտրի կառավարման առումով Հայաստանի համար նոր մարտահրավեր է, հետևաբար, այդ առումով համապարփակ կառավարման կարիք կա։ Փորձագետները նաև նկատում են, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ազդեցությունները երկարաժամկետ չեն։ Ըստ նրանց՝ տնտեսվարողները, հարմարվելով այդ իրավիճակին, ինչ-որ իքս պահից, երբ պատերազմն ավարտվի, խնդիրների առջև կկանգնեն։ Փորձագետները դժվարանում են  ասել, թե որքանով է տնտեսությունը պատրաստ այդ սցենարին։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն