Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Գավառի բժշկական կենտրոնում
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հուլիսի 20-ին եղել է Գավառի բժշկական կենտրոնում:
Տնօրեն Գարիկ Սողոմոնյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է շենքի բոլոր բաժանմունքներում, որտեղ և ծանոթացել է վերջին 2 ամիսների ընթացքում կատարվող շինարարությանը, արտաքին և ներքին հարդարման աշխատանքներին, շինարարական թարմացումներին, տարբեր ծառայությունների նպատակային տեղափոխություններին:
Դրանք առնչվում էին առաջին բուժօգնության կազմակերպման համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը, ֆիզիոթերապիայի, հեմոդիալիզի բաժանմունքներում պայմանների և հնարավորությունների, հիվանդանոցում գործող դեղատանն առկա դեղորայքի պահպանման պայմանների բարելավմանը, շտապօգնության և այլ ծառայությունների տեղակայմանը:
Անդրադառնալով բժշկական կենտրոնում գրանցված հաջողություններին և ձեռքբերումներին՝ տնօրենը տեղեկացրել է, որ կենտրոնը արդեն համալրվել է 30 բժիշկ-մասնագետներով, իսկ հովանավոր կազմակերպությունների և առանձին բարերարների շնորհիվ հիվանդանոց են այցելում և իրենց առաջավոր փորձով տարբեր բժշկական միջամտություններ են իրականացնում նաև միջազգային մասնագետներ:
Գարիկ Սողոմոնյանի տեղեկացմամբ հովանավորների աջակցությամբ հիվանդանոցն աստիճանաբար ձեռք է բերում նոր և ժամանակակից բժշկական գործիքներ ու սարքավորումներ:
«Անցած տարվա համեմատ, այս տարի մեր հիվանդանոցում ավելացել է վճարովի ծառայությունների մատուցման քանակը, իսկ պետպատվերը գերակատարվել է: Վերջին մեկ ամսվա ընթացքում հիվանդանոցում պետպատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների գումարը գերազանցում է 15 միլիոն դրամը, ինչը հնարավորություն է տալիս մեր ընդհանուր աշխատանքների մեջ վերանայել ու բարձրացնել նաև բուժաշխատողների աշխատավարձը:
Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում «Վիվա» բարեգործական կազմակերպությանը՝ մեր հիվանդանոցին տարբեր խնդիրներում ֆինանսապես աջակցելու համար:
Այդ կազմակերպության ֆինանսավորմամբ առաջիկայում Գավառի բժշկական կենտրոնի մի խումբ մասնագետներ կհրավիրվեն Մոսկվա՝ առաջատար կլինիկաներում վերապատրաստումներ անցնելու համար»,- նշել է Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանը:
Շրջայցի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կիսվել է իր տպավորություններով:
« Բժշկական կենտրոնում իրականացվել են զգալի աշխատանքներ և նպատակային թարմացումներ, սակայն դեռևս շատ անելիքներ կան՝ հիվանդանոցային պայմանների ամբողջական բարելավման, կադրային և նյութատեխնիկական հագեցվածության առումով: Ես համոզված եմ, որ նման տեմպերով շարունակելու դեպքում, մոտ ապագայում խնդիրներն ամբողջովին հաղթահարված կլինեն: Հարկավոր է անել հնարավորը, որպեսզի վայելեք տարածաշրջանի բնակչության վստահությունը, ինչը ձեր աշխատանքի ամենամեծ ձեռքբերումն ու գրավականը կլինի»,-իր խոսքում նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:
Հավելենք նաև, որ բժշկական կենտրոնի հովանավորների աջակցությամբ օրերս բժշկական կենտրոնի բուժաշխատողները ապահովվել են նոր և տարբերվող արտահագուստներով: