«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը: Լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ «Պրոֆեսոր Չարչյանը վերցնելու է մանդատը այս փուլում»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ քիչ առաջ դատարանը որոշեց 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Արմեն Չարչյանին: Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Արամ Վարդևանյանն ընդգծեց՝ պրոֆեսորը պետք է երբեք կալանավորված չլիներ. «Սա մեծ անարդարություն էր, որը տևեց մեկ ամիս, բայց արդարությունն ի վերջո հաղթում է»,- ասաց պաշտպանը: 

Վարդևանյանը շնորհավորեց դատարանի դիմաց ներկաներին Չարչյանի ազատության կապակցությամբ և նշեց. «Եթե նկատեցիք՝ ինչպես էին զարգանում իրադարձությունները, կտեսնեք, որ դատավոր տիկին Մելիքսեթյանը առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց: Տիկին Մելիքսեթյանի վերաբերյալ եկեք ես գնահատական չտամ, ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ փաստաբանի,  իրավաբանի, թե ինչ կարծիք ունեն տիկին Մելիքսեթյանի արդարադատության որակի վերաբերյալ: Երկրորդ՝ դատավոր Լուսինե Աբգարյանն ամեն կերպ փորձեց պահպանել կալանավորումը: Նրա վերաբերյալ էլ հարցրեք, թե քանի՞ ծանր գործով է նա կարողացել դատավորին հարիր արդարադատություն իրականացնել, հետո էլ հարցրեք պարոն Միսակյանի իրականացրած արդարադատության մասին, այս բանաձևի մեջ դուք ամեն պատասխան կգտնեք»,- եզրափակեց Չարչյանի պաշտպանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն