Ի՞նչ է տալիս Հայաստանի տնտեսությանը ԵԱՏՄ անդամակցությունը․ անորոշություններն ու ռիսկերը` խորհրդարանական հանձնաժողովներում
Խորհրդարանական երկու հանձնաժողովներում այսօր Հայաստանի կառավարության 2022–2026 թվականների կատարված ու կատարվելիք ծրագրերն են ներկայացվել։ Նախ՝ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել են ռեզիդենտներին արտարժույթով հիպոթեքային վարկեր տրամադրելու արգելքին վերաբերող նախագիծը։ Սրանով, ըստ նախաձեռնողների, քաղաքացիներին ռիսկերից են ազատում։ Ապա՝ քննարկումները շարունակվել են Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։
Ի՞նչ է տալիս Հայաստանի տնտեսությանը ԵԱՏՄ–ին անդամակցելը, կա՞ն արդյոք այլընտրանք կառույցներ՝ տնտեսական ինտերգրացիոն դաշտում։ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի հարցին էկոնոմիկայի նախարարն այսպես արձագանքեց․
«Դա քաղաքական հարց է, տնտեսական վերլուծությունների մասին չէի ուզենա ասել։ Քանի որ մենք այս միությունում ենք, մեր աշխատանքը այնպես է կազմակերպվում, որ մաքսիմալացնենք արդյունքը այս միության մեջ աշխատելիս»։
Վահան Քերոբյանն ընդգծում է՝ անկեղծ են գործընկեր երկրների հետ։Նրանց խոստովանում են՝ Հայաստանն իրեն կամուրջի դերում է տեսնում ՝ տարբեր ինտեգրացիոն միությունների կազմում։ ՊԵԿ նախագահն էլ է անկեղծ՝ 2022-ին Հայաստանն ավելի շատ ԵԱՏՄ մաքսատուրք է վճարել, քան ստացել է։ Հայաստանից ԵԱՏՄ ապրանք արտահանվում է հիմնականում Վերին Լարսի անցակետով։ Էկոնոմիկայի նախարարն ընդգծում է՝ 2022-ին Լարսի անցակետի թողունակությունն ավելացել է։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով․
«Սա բացառիկ տարի է՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից սկսած, որ մենք ավելի շատ մաքսատուրք ենք ուղարկել մաքսային կաթսա, քան ստացել ենք։ 2022-ին 127 մլրդ ենք փոխանցել ու ստացել ենք 55 մլրդի կարգի մաքսատուրք ընդհանուր կաթսայից»։
Թե ինչու է այդպես ստացվել, պարզ չէ։ Բայց հստակ է , որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի տնտեսական ու ֆիանսնական համակարգում անորոշությունները ավելանում են։ Որքան դրանք շարունակվում են, այնքան ֆինանսական շուկայում ռիսկերն են ավելանում։ Միայն անցյալ տարի դրամը արժևորվեց մոտ 20 տոկոսով։ Խորհրդարանական Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ու նրա երկու գործընկերները՝ պատգամավորներ Նարեկ Գրիգորյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են բանկերին ու վարկային կազմակերպություններին պարտադրել ՀՀ քաղաքացիներին հիփոթեքային վարկերը տրամադրել միայն ՀՀ դրամով: Խորհրդարանականները, նաև՝ ԿԲ-ում կարծում են, որ ռեզիդենտ քաղաքացիներին պետք է ռիսկերից պաշտպանել։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագա Գևորգ Պապոյան ․
«Արգելելու ենք ռեզիդենտներին։ Ոչ ռեզիդենտները կարող են ստանալ արտարժութային հիպոթեքային վարկեր։ Իսկ ռեզիդենտները, որոնց եկամուտները դրամային են, մենք պետք է նրանց այդ ռիսկերից պաշտպանենք։ Որպեսզի նրանք հանկարծ չկարողանան չվճարել իրենց հիպոթեքային վարկերը»։
Նախաձեռնողները բացատրում են՝ 20 տարվա կտրվածքով դրամային եկամուտ ունեցող քաղաքացու եկամուտները շատ մեծ ռիսկերի են ենթարկվում։ Այն քաղաքացին, որը եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, 9 տոկոս ավել փոխարժեքով պետք է վճարի։ Ռեզիդենտ քաղաքացին կարող է արտարժույթով վարկ վերցնել, եթե իհարկե ունի արտարժութային եկամուտներ։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Խաչատրյանը մտահոգություններ ունի այս հարցի վերաբերյալ․
«Դոլարային վարկերի արգելումը կբերի դրամային վարկերի թանկացման։ Թե վարկային պարտավորությունների ձախողումները ավելի մեծ կլինեն, թե տոկոսադրույքների բարձրացման արդյունքում վարկային պարտավորությունների ձախողումն ավելի մեծ կլինի»։
Հիխոթքային վարկերի տոկոսադրույքները բարձրացել են՝ ասում է Գևորգ Պապոյանն ու նկատում ՝քաղաքացին դա իր վրա չզգում, քանի որ նրանց գերաշկիռ մասն օգտվում է եկամտային հարկի վերադարձի արտոնությունից։ Երբ փոխարժեքը բարձրանում է, մոտավորապես 4 անգամ ավելանում է չաշխատող վարկերի տոկոսը, ասում է Պապոյան ու նշում՝ ռեալ մեթոդաբանություն չկա, թե ինչպես պետք է դրամային վարկերի տոկոսները բարձրանան․
«Հիպոթեքային վարկեր վերցնելիս առաջնային շուկայից անշարժ գույք գնելիս, ըստ էության քաղաքացուն տոկոսադրույքը չի հետաքրքրում։ Իսկ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելիս քաղաքացիները փնտրում են ցածր տոկոսադրույքներով վարկեր։ Իսկ այն դեպքում, երբ տոկոսադրույքը իրենք չեն վճարում, այլ՝ պետությունը, իրենց հետաքրքիր չէ։ Սրա պատճառով էլ, ըստ էության, տոկոսադրույքները չեն իջնում»։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի18 բանկերում միասին 849 մլրդ դրամին համարժեք հիփոթեքային վարկ կա տրամադրված։ Վիճակագրությունը փաստում է՝ վերջին տասը տարիներին հիփոթեքային վարկերի ծավալը լայն թափով աճել է: Եթե 2012 թվականի վերջի դրությամբ այն կազմել է ընդամենը 127 մլրդ դրամ, ապա այսօր՝ մոտ 7 անգամ ավել: Վարկերի ծավալները ավելացել են հիմնականում եկամտային հարկի վերադարձի արտոնությունից օգտվելու հնարավորության արդյունքում։ Բայց առաջիկայում այդ արտոնությունը կսահմանափակվի։ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկ վերցնելիս, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում, ապա քաղաքացին չի օգտվի այդ դրույթից։
Արդեն հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում, կրկին կսահմանափակվի վերադարձի հնարավորությունը։ 2025 թվականի հունվարի 1-ից հետո արդեն Երևանում հիպոթեքային վարկի համար վճարվող վերադարձի արտոնությունը կկասեցվի։ Սրան զուգանեռ, խորհրդարանականները շինարարության թույլտվությունների ձգձգման հետկապված մտահոգություններ ունեն։