Անվտանգային խնդիրները մեկքայլանի լուծումներ չունեն․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ ԵՄ և միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անվտանգության միջազգային երաշխիքների խնդրին։ Ասուլիսում վարչապետը խոսել է նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին` շեշտելով, որ Հայաստանը չէ, որ դուրս է գալիս կառույցից, այլ, իր գնահատմամբ, ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, ինչը մտավախությունների առիթ է իշխանությունների համար։
ՀՀ-ն չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա, ու դա է պատճառը, որ Երևանը որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին․ անդրադառնալով ադրբեջանական հնարավոր ագրեսիայի զսպման մեխանիզմներին, այսպիսի հայտարարություն արեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ միջազգային դիտորդների ներկայությունը կարող է լուծել միջազգային հանրության տեղեկացվածության խնդիրը և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվությունը, այսպես ասած, ծանրութեթև անելու անհրաժեշտություն չի առաջանա․
«Միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է վտանգը նոր էսկալացիայի, և հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»։
Հայաստանի ընկալումն այն է, որ լինի միջազգային մեխանիզմ, որը կերաշխավորի հայ–ադրբեջանական երկխոսության շարունակությունը։ Ու շատ ավելի կարևորն, ըստ վարչապետի, ոչ այնքան երաշխավորների խնդիրն է, այլ հենց այդ երաշխիքների ապահովման։ Միջազգային հանրությունը ոչ միայն պիտի տեսնի սպառնալիքը, այլև պետք է իր պատասխանատվությունը զգա իրավիճակի վերաբերյալ՝ ձևակերպեց Փաշինյանը։ Հայաստանի առաջարկած ԵՄ փաստահավաք առաքելությունն էլ կարող է լինել հենց այդ միջազգային երաշխիքի մեխանիզմի մի մասը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերություններին, մասնավորապես՝ կառույցից Հայաստանի դուրս գալու մասին խոսակցություններին, վարչապետը հայտարարեց՝ Հայաստանը չէ, որ ՀԱՊԿ-ից կարող է դուրս գալ, այլ ՀԱՊԿ-ը Հայաստանից։ Պարզաբանելով իր այս միտքը, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ 2022 թվականին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել էր Հայաստան, ասել էր, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից:
«Ես ասացի` գիտեք, կարծում եմ` մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որն առկա է ՀՀ-ում․ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից ու դա մեզ անհանգստացնում է ու այն, ինչ տեղի է ունեցել, ոչինչ չենք թաքցրել, տեղի է ունեցել հրապարակային»։
Վարչապետը վստահեցնում է՝ Հայաստանը հաճույքով կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե դրանով չստացվի, որ իշխանությունը ժողովրդին սխալ ուղերձ է հղում: Այսինքն՝ եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մեկ գործոնի ավելացում.
«Եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում, առնվազն՝ մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից»։
Մենք երկար և հետևողական ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ, և շարունակում ենք աշխատել՝ վստահեցրեց Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ Հայաստանն իր սկզբունքներն առաջարկել է, և դրանք այն մասին են, թե առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ գործո՞ւմ է, թե՞ ոչ, կա՞, թե՞ չկա: Մենք ուզում ենք և պատրաստ ենք առերեսվել այս հարցին՝ շեշտեց Փաշինյանը: Նա նաև հայտնեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է բոլոր հնարավոր հոդվածներով: 2022-ի ռազմական գործողություններից հետո, ըստ վարչապետի, հանրության մեջ քննարկումներ էին առ այն, որ ՀՀ կառավարությունը սխալ հոդվածով է դիմել ՀԱՊԿ-ին։ Այսինքն՝ հատուկ կազմակերպության կանոնադրության 4-րդ հոդվածով չի դիմել, որ ՀԱՊԿ-ը չկարողանա որոշում կայացնել:
«Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, որ հոդվածով հնարավոր է եղել, դիմել ենք… Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս, ինչը մեզ համար անհանգստացնող է»։
Վարչապետ Փաշինյանի ձևակերպմամբ՝ անվտանգային խնդիրների մեկքայլանի լուծում չկա, ու պետք էլ չէ կատարել հապճեպ քայլեր։ Պետք է հետևողական ռազմավարական մոտեցմամբ գնալ առաջ՝ պետության շահերն ապահովելու համար։