Ուժայինները ԱԺ–ում․ դռնփակ քննարկվել է հնարավոր էսկալացիայի հարցը
Ուժային կառույցների՝ պաշտպանության նախարարության, ԱԱԾ–ի, նորաստեղծ Ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարներն այսօր ԱԺ–ում էին։ Նրանց մասնակցությամբ խորհրդարանում տեղի են ունեցել բաց ու դռնփակ քննարկումներ։ Քննարկման բաց հատվածը, որի համար էլ պաշտոնյաները հրավիրվել էին խորհրդարան, կառավարության հնգամյա ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումն էր։ Դրա շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ոլորտում իրավիճակն ու բարեփոխումների ընթացքը, իսկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Խորհրդարանականներն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ԱԺ–ում քննարկել են Հայաստանի և ԼՂ ուղղությամբ հնարավոր ռազմական էսկալացիայի հարցը, ինչի մասին իր ասուլիսում խոսել էր վարչապետ Փաշինյանը։ Հնարավոր էսկալացիային առնչվող պարզաբանումները, սակայն, հասանելի չեն հանրությանը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկման այդ հատվածի համար սահմանեց հատուկ ընթացակարգ․
«Բնականաբար էսկալացիայի և վտանգների մասին կխոսենք համատեղ երկու կառույցների ( ՊՆ և ԱԱԾ – խմբ․) փակ նիստի ժամանակ։ Հիմա մեր ժողովուրդը բաց ռեժիմով հետևում է, ուշադիր լինենք, խնդիրներ չառաջացնենք անզգույշ արտահայտությունների օգտագործմամբ»։
Արդեն փակ նիստից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հստակեցրեց՝ այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ արձանագրված չեն։
«Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին մենք մշտապես հայտարարել ենք՝ հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները, նաև ագրեսիվ հռետորաբանությունը։ Բնականաբար, դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ և պատրաստ լինել մեր երկրի պաշտպանելուն։ Անհրաժեշտության դեպքւոմ կդիմենք նաև գործընկերներին։ Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետր։ Ավելին չեմ պատասխանի»։
Խորհրդարանում ուշադրության կենտրոնում էր նաև «5–րդ շարասյան պատճառով պատերազմում պարտվելու մասին» վարչապետի հայտարարությունը։ Փակագծերը շատ չեն բացվում՝ նախաքննության շահից ելնելով, բայց պաշտպանության նախարարը որոշ պարզաբանումներ անում է։
«Ամենօրյա դեզինֆորմացիան, ամենօրյա սխալ տեղեկությունների տրամադրումը, այդ թվում նաև այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը հօգուտ թշնամու է։ Օրինակ՝ երեկ կարդում եմ, որ հակառակորդի ռազմատեխնիկան Տավուշում, չգիտեմ որտեղ, տարբեր տեղերում է։ Ո՞րն է սրա նպատակը, ես ուզում եմ հասկանալ, եթե դա չի ուղղորդվում այլ երկրից։ Երբ դատարանը կունենա որոշումներ, բոլորիս համար պարզ կլինի՝ ովքեր են այն մարդիկ, որոնք ներսից թուլացրել են մեր բանակը։ Խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներքին խարդավանքներին։ Ես խոսեցի երևույթիների մասին, որը մեզ ամեն օր տեսանելի է և տեսանելի է եղել։ Շատերդ դրա մասին գիտեք։ Ավելին չեմ ասելու»։
Որտեղի՞ց և ի՞նչ տեղեկություններ ունի վարչապետը Հայաստանում «5–րդ շարասյան» գործունեության մասին, որևէ հրապարակված անուն կա՞՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին ուղղված այս հարցերն անպատասխան մնացին։ Աբազյանը վկայակոչեց վարչապետի 4.5 ժամանով ասուլիսը, իսկ վարչապետի այն ակնարկին, որ նաև ԱԱԾ–ն մաքրվելու կարիք ունի, պատասխանեց․ «Իհարկե, մաքուր է»։
Պատերազմի ժամանակ և դրանից հետո «5–րդ շարասյանն» առանչվող բանավեճը հատկապես սուր է ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Ընդ որում՝ իշխանական պատգամավորները ճշտում են՝ «5–րդ շարասյան» աշխատանք կա ոչ միայն բանակում, այլև՝ այլ ոլորտներում։ Ընդդիմադիր պատգամավորներից Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը արձագանքում են․
Գեղամ Մանուկյան․ «Պետք է արմատախիլ արվի ցանկացած դավաճանական դրսևորում ԶՈՒ–ից մինչև ԱԺ։ Փակ նիստում էլ եմ ասել՝ խնդիրն առանց վերջնական դատավճռի՝ տեղեկատվությամբ հասարակության մեջ թևաթափություն, ԶՈՒ–ի նկատմամբ անվտստահություն է առաջացնում ։ Կան բազմաթիվ դեպքեր և եղել են հաղորդագրություններ թշնամու հետ համագործակցության, հետո պարզվել է, որ մեղադրանքը անհիմն է կամ վերաորակավորում է ունեցել»։
Աննա Գրիգորյան․ «Վերջին դեպքը, այն մայորը, որ Սև լճի տարածքից էր գերեվարվել, հետո վերադարձել , մեղադրվում է լրտեսության մեջ։ Օրինակ՝ ՊՆ–ն այդ ռիկսը չէ՞ր տեսնում, այդ ռիսկը չէ՞ր գնահատում, որ գերեվարվածությունից վերադարձած անձը միանգամից չպետք է ինտեգրվեր նորից իր գործունեության մեջ և այդ ռիկսը կար, այդ ռիկսը ինչո՞ւ չեք հաշվարկել, որ հիմա դա էլ գունավոր ներկայացվում է»։
Բանակում առկա բազմաթիվ խնդիրների հարցում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսնում է իր դերն ու պատասխանատվությունը, բայց չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, խոստանում է սկսած բարեփոխումներն ավարտին հասցնել, իսկ քննադատների բանակին զգուշացնում է։
«Մենք քաղաքական պատասխանատվությունից չենք խուսափում։ Գնահատականներ են հնչում, որ երբ բարձրաձայնվում է 2020 թ–ի 44–օրյա պատերազմի պատճառների մասին հարցեր, երբ խոսվում է հետպատերազմյան շրջանում մեր ունեցած խնդիրների մասին, այդ թվում նաև ազգային խայտառակության, դավաճանության մասին, դա տանել և ներկայացնել, որ ամբողջ բանակին ասում են դավաճան, բանակի մասին վատ բաներ են ասում, ոչ մեկը չի ուզում զինվորական դառնալ, ժողովուրդ ջան, հեռու մնացեք այդ պարագայում այդ ձեր մտածելակերպով բանակից։ Անընդհատ տանել նրան, որ իշխանությունը բանակին վատ աչքով է նայում, մի՛ համարձակվեք մեզ մեր բանակից հեռացնել»։
Պաշտպանության նախարարը հայտարարում է՝ ՀՀ ռազմական դոկտրինի մշակման աշխատանքները կմեկնարկեն գործող ազգային անվտանգության ռազմավարության վերանայումից հետո։ Իսկ մինչ այդ ընդունվել են և դեռ մշակվում են մի շարք օրենքներ, , որոնք ապահովելու են ոլորտի աշխատանքը։ 2022–ին Հայաստանի Զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով, հակատանկային միջոցներով, հակաօդային պաշտպանության միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով՝ խորհրդարանում տեղեկացրեց Պաշտպանության նախարարը։ Հետո լրագրողների հետ զրույցում նաև նշեց․
«Մեր բանակը սպառազինված է այնքանով, որքանով մենք հնարավորություն ենք ունեցել ձեռք բերել միջոցներ։ Ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք դրանով։ Չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք գնում, դա գաղտնի է։ Ես հնդկական մամուլին չեմ անդրադառնալու, ռուսական մամուլին չեմ անդրադառնում, նաև չեմ անդրադառնալու իրանական մամուլին»։
Բանակին առնչվող նորություններից մեկն էլ առնչվում է հիվանդությունների ցուցակի վերանայմանը։ Վերջին զորակոչից ազատվածների կամ տարկետում ստացածների թիվը, պարզվում է, շատ մեծ է եղել, ու նաև դա է պատճառը, որ պաշտպանության նախարարը կառավարության 403 որոշումը փոխելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Փոփոխությամբ զորակոչից ազատվելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը էականորեն կրճատվել է։ Ենթադրվում է, որ դրա արդյունքում հաջորդ զորակոչին՝ ամռանը, ավելի մեծ թվով զինծառայողների կզորակոչվեն։ Աժ ոլորտային հանձնաժողովում առաջարկում են հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի զորակոչից ազատումների որոշումները ։