Փորձագետները բանակցում են Google–ի հետ․ հնարավո՞ր է վերականգնել «Առավոտ»–ի 13 տարվա արխիվը
Հաքերային հարձակման թիրախ է դարձել «Առավոտ» օրաթերթի Youtube–ի ալիքը։ Խմբագրությունը նախ` Facebook-ում, հետո նաև «Ռադիոլուրին» պատմել է, որ սկզբում կորցրել են իրենց ավելի քան 10 տարվա պատմություն ունեցող էջի նկատմամբ հասանելիությունը, հետո նկատել է, որ ենթադրյալ հանցագործներն ամբողջությամբ ջնջել են Youtube–ի ալիքում եղած տեսանյութերի արխիվը։ Այս պահին Կիբեռանվտանգության փորձագետների թիմը բանակցում է Google–ի հետ «Առավոտի» Youtube–ի ալիքը վերականգնելու համար։ Մինչ այդ մասնագետները հիշեցնում են՝ տեղի ունեցածը քրեորեն պատժելի կիբերհանցագործություն է։
Մարտի 15-ին «Առավոտ» օրաթերթի աշխատանքային հերթական օրը սկսվեց ֆեյսբուքյան ահազանգերով։ Aravot.am–ի խմբագիր Աննա Իսրայելյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ մի քանի ժամում նախ կորցրել են իրենց Youtube–ի ալիքին հասանելիությունը, հետո նաև նկատել են, որ ջնջվում ու անհետանում են ալիքում եղած տեսանյութերը։
«Կայքի վիդեոների վրա աշխատող մեր գործընկերները ինձ հայտնեցին, որ համակարգն իրենց «դուրս է նետել» ալիքից, սկզբում մտածեցինք, որ ինչ–որ տեխնիկական խնդիր է, բայց կարճ ժամանակ հետո հասկացանք, որ հասանելիություն ունեցող բոլոր աշխատակիցներին է «դուրս է նետել»։ Հետո արդեն սկսեցինք մեր էլեկտրոնային փոստի վրա նամակներ ստանալ, որ ալիքի գաղտնաբառն է փոփոխվել, որ անվտանգության ապահովման համար նոր հեռախոսահամար է ավելացվել և այլն։ Այսինքն՝ մի քանի րոպեի ընթացքում մենք իսպառ կորցրինք մեր ալիքի վերահսկողությունը»,– մանրամասնում է Իսրայելյանը։
Ենթադրյալ հաքերները սկզբում ընտրողաբար, հետո ամբողջությամբ ջնջել են ավելի քան 13 տարվա լրատվական արխիվը՝ հարցազրույցներ, ռեպորտաժներ։
Այս պահին էջը արգելափակված է՝ Youtube–ի կանոնները խախտելու պատճառաբանությամբ։ Աննա Իսրայելյանը վստահ է՝ երբ ալիքն իրենց վերահսկողության տակ էր, իրենք Youtube–ի սահմանած կանոնները չեն խախտել։ «Առավոտի» խմբագրությունում տեղի ունեցածի վերաբերյալ որևէ վարկած չեն բացառում, սակայն խոսում են նաև իրենց նկատած զուգադիպությունների մասին։
«Սկսած նրանից, որ սա կարող է պարզ հաքերային հարձակում լինել, մինչև անգամ՝ դիտավորություն։ Զարմանալի զուգադիպությամբ հենց երեկ, մարտի 14-ին, մինչև 19։15 մեր Facebook-ի էջում, Telegram–ի էջում անոնսում էինք, որ շուտով պետք է ցուցադրեինք «Հարստացած հեղափոխականներ» տեսանյութը։ Իսկ 19։45 մենք արդեն կորցրել էինք մեր էջի վերահսկողությունը»,– ասում է «Առավոտի» խմբագիրը։
Youtube–ի ալիքի ենթադրյալ հաքերային հարձակման ու արխիվի ոչինչացման գործով խմբագրությունը իրավապահ մարմիններին չի դիմել։
«Կդիմեի իրավապահ մարմիններին, եթե գոնե մի հաջողված օրինակ ունենայի, որ նմանատիպ կիբեռհանցագործությունը բացահայտվել է։ Այս պահին ավելի շատ փորձում ենք Google–ի հետ բանակցելով խնդիրը լուծել․ սա ավելի ռեալ տարբերակ է թվում ինձ»։
Google–ի հետ «Առավոտի» հարցով բանակցող «ՍայբեռՀաբ» թիմի անդամ, կիբեռանվտանգության փորձագետ Ալեքսեյ Չալաբյանը «Ռադիոլուրին» ասում է՝ այս պահին արդեն Google ընկերությունում խնդրի մասին տեղյակ են։ Նա հիշում է, որ վերջին 2 տարում 2 նմանատիպ դեպք Youtube–ի հետ կապված եղել է և հաջողվել է բանակցությունների միջոցով կորցրածը հետ բերել։
«Այստեղ շատ կարևոր է նաև ժամանակի ֆակտորը, պետք է շատ արագ գործել, օրինակ՝ հաջողված դեպքերից մեկում հաշված ժամերի ընթացքում կարողացանք եղած ինֆորմացիան վերականգնել, քանի որ օգտահաշիվը կոտրելուց րոպեներ անց մենք կապվել ենք ընկերության հետ և հաջողել ենք։ Իսկ եթե անցնում են ժամեր կամ օրեր արդեն գործը բարդանում է, իսկ եթե անցնեն շաբաթներ արդեն վերականգնել գրեթե հնարավոր չէ»,– բացատրում է մասնագետը։
Կիբերանվտանգության փորձագետը նկատում է՝ «Առավոտի» Youtube–յան ալիքը երկշերտ պաշտպանվածություն ուներ, ինչը հեշտացրել է պրոֆեսիոնալ հաքերների գործը։
«Ես պարզապես բոլորին ևս մեկ անգամ խորհուրդ կտամ այդ նույնականացումը ու պաշտպանվածությունը անել ոչ թե sms հաղորդագրության միջոցով, այլ ավելի ժամանակակից, հատուկ դրա համար նախատեսված հավելվածների միջոցով․ սա վստահաբար ավելի անվտանգ է, հատկապես, եթե դուք լրատվամիջոց եք, խոշոր Youtube–յան ալիք ունեք, կամ ինչ որ հետաքրքրություն եք ներկայացնում»,– ասում է Ալեքսեյ Չալաբյանը։
Չալաբյանն արձանագրում է՝ գործ ունենք դասական կիբերհանցագործության հետ, որը քրեորեն պատժելի է։ Ոստիկանությունից ու դատախազությունից «Ռադիոլուրին» հայտնեցին, սակայն, որ այս պահին այս գործով հաղորդում չեն ստացել, հետևաբար նաև քրգործ հարուցված չէ։