Առաջարկվում է ստեղծել անշարժ գույքի վրա կիրառվող սահմանափակումների մեկ միասնական էլեկտրոնային բազա: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանելու է Կառավարությունը: Այդ կարգի հաստատումից և օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում իրավապահ համակարգերի կողմից անշարժ գույքի վրա կիրառվող որոշ սահմանափակումներ համապատասխան էլեկտրոնային հարթակով և պահանջներին համապատասխան պետք է ուղարկվեն Կադաստրի կոմիտե: Էլեկտրոնային համակարգը տվյալների բազայում ավտոմատ եղանակով կգտնի այն սուբյեկտը կամ օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է սահմանափակում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում ու Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները ներկայացնելիս տեղեկացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Նշվել է, որ օրենքով երկու տարվա ընթացքում սահմանափակումների կիրառման հետ առնչվող պետական մարմինները և Կադաստրի կոմիտեն պետք է զտեն համապատասխան տվյալների բազան, որից հետո պետք է վերջնական ձևավորվի միասնական սահմանափակումների համակարգը: Ըստ Սուրեն Թովմասյանի` արդյունքում մինչև 3-4 աշխատանքային օր տևող որոշ գործողություններ հնարավոր կլինի կատարել առցանց` նույն պահին:

Նախատեսվում է ապահովել թվայնացում և թվային վերափոխում, մասնավորապես, առաջարկվում է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, նոտարներին իրենց կազմած համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային համակարգ մուտք արված փաստաթուղթը ներկայացված կհամարվի այն մարմին, որտեղ այդ որոշումը կայացվել է: Սուրեն Թովմասյանի համոզմամբ այս փոփոխություններով կկրճատվեն քաղաքացիների գործողությունները և Կադաստրի կոմիտեի թղթային արխիվի անընդհատ մեծանալու հնարավորությունը:

Ճանապարհային ցանցի գրանցման պիլոտային ծրագիր է իրականացվելու Շիրակի մարզում: Միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել Շիրակի մարզի ճանապարհային ցանցի գրանցմանն ուղղված գործողություններ:

Հաջորդ կարգավորմամբ մինչև 2006 թվականի հուլիսի 29-ը բնակելի, խառը կառուցապատման կամ տնամերձ հողամասում սեփականության իրավունքով օրինական գրանցված 50 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց անհատական բնակելի տունը, դրա օժանդակ և տնտեսական շինությունները, որպես ավարտված շինություն, գրանցվում են որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և ներկայացված չափագրման նյութերի փաթեթի հիման վրա:

Հարցուպատասխանի ձևաչափում պատգամավորներն անդրադարձել են Կադաստրի կոմիտեի արդեն հավաքված թղթային արխիվին, իրավական հստակեցում պահանջող որոշ դրույթների, ճանապարհային ցանցերի նախագծման աշխատանքներին, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առանձնահատկություններին:

Կադաստրի կոմիտեի ղեկավարը պարզաբանել է, որ նոր ճանապարհային ցանց չի գծվելու, պարզապես ՀՀ-ում առկա ճանապարհները գրանցված չեն, դրանց վերաբերյալ չկան վկայականներ, պիկետաժավորում, ինչի պատճառով այդ ճանապարհների կառավարումը դժվարանում է: Նա նշել է, որ փաստացի ՀՀ սեփականությունը համարվող ճանապարհային ցանցերի մասին է խոսքը: «Մենք գծելու ենք այդ ճանապարհներն իրենց զոնայով, տանելու ենք իրավունքի պետական գրանցման, որն ինտեգրելու ենք գեոպորտալին և հանձնելու ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը»,- ասել է Սուրեն Թովմասյանը:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն