Փետրվարի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել Քաջարան քաղաքի 30-ամյա մի բնակիչ, հայտնում են Ոստիկանությունից:

Նախորդ օրը նա կարդացել էր քաղաքում փակցված հայտարարությունը, զանգել էր նշված հեռախոսահամարով, անհայտ մեկի հետ պայմանավորվել, եկել էր համաձայնության և երեք միլիոն դրամ վարկ ստանալու համար վճարային տերմինալով անհայտ անձին փոխանցել էր 300 հազար դրամ: Սակայն նույն անձը կրկին զանգել և հայտնել էր՝ իբր հաստատվել է ոչ թե երեք, այլ վեց միլիոն դրամի վարկը: Իսկ երբ պարզվել էր, որ ոչ մի վարկ էլ չկա, և փոխանցված գումարն էլ խաբեությամբ հափշտակվել է, տղամարդը դիմել էր ոստիկանություն:

Հաջորդ օրերին խարդախությունների վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց, որոնցից մեկը՝ Կապանի, մյուսը՝ Մեղրիի բաժնում:

Վարկած առաջ քաշվեց, որ բոլոր դեպքերում խարդախը նույն անձն է: Սկսվեց համագործակցված աշխատանք։ Բացահայտման միջոցառումներին միացան նաև Արտաշատի ոստիկանները։ Մարտի 3-ին էլ Արտաշատի բաժնում էր արձանագրվել խարդախության դեպք. նույն կերպ մի քաղաքացուց հափշտակել էին 45 հազար դրամ:

Համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ խարդախությունները կատարել էր Մասիս քաղաքի 23-ամյա մի բնակիչ: Օրեր անց երիտասարդը հայտնաբերվեց և տեղափոխվեց Կապանի բաժին։ Պարզվել է նաև, որ նա 59-ամյա կապանցի մի տղամարդուց նույն կերպ հափշտակել էր 91 հազար դրամ, իսկ Արարատ քաղաքի մի բնակչուհուց` 100 հազար դրամ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն