Երևանում կձևավորևվեն նոր երթուղիներ, կներդրվի միասնական տոմսային համակարգ
Կառավարության որոշմամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:
Ընկերությունը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 150 ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակում։
Նախատեսվում է ներկրել քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ թվով 150 միջին դասի ավտոբուսներ՝ ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը:
2011 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է իրականացնել 6.6 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Արդյունքում՝ կստեղծվի 492 նոր աշխատատեղ՝ 317 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 660 մլն դրամ:
Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ապահովել մայրաքաղաքի գործող երթուղիների ավտոպարկի թարմացման և նոր երթուղիների ձևավորման համար՝ բարձրացնելով մայրաքաղաքի բնակչությանը, հյուրերին և զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը, հասանելի դարձնելով մայրաքաղաքում վերջիններին մի կետից մեկ այլ կետ տեղափոխվելու այլընտրանքների հնարավորությունները և կրճատելով տեղափոխման ժամանակը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ ամբողջ ծավալով «MAN» ավտոբուսներն ներկրված են: «Երևանում են, և արդեն տևական ժամանակ են այստեղ, ինչպես նաև 150 Zhontong ավտոբուսները: Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևանում։ Ցավոք, դա տեղի չի ունեցել, մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և դրա համար ներողություն եմ խնդրում: Ինչ վերաբերում է արդեն բուն ավտոբուսների երթուղի մտնելուն, մենք մոտավորապես 30 օրվա ընթացքում կարող ենք ունենալ, մրցույթները զուգահեռ անցկացնում ենք. կա որոշակի գործընթաց, որն արդեն սկսել ենք իրականացնել»:
Անդրադառնալով ընդհանրապես տրանսպորտի խնդրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ դեռևս 2017 թվականին գազելները պետք է փոխարինվեին: «Այդ գործընթացը մեկնարկել էր, բայց, ցավոք, միայն բուն գազելները ավտոբուսներով փոխարինելուց: Եվ եթե մենք այսօր շրջենք Երևան քաղաքով և հարցնենք ինչպես է տրանսպորտայն վիճակը Երևանում, բոլորը կասեն, որ վատթարացել է, քանի որ հին գազելները, իհարկե, շատ վատն էին, բայց քանակապես ավելի շատ էին: Այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար: Էականորեն խնդիրը լուծվում է, երբ այս նոր 237 ավտոբուսները մտնեն ցանց: Ավելացնեմ, որ մենք ունենք HIGER չինական ավտոբուսներ, որոնք վերանորոգվում են և նույնպես մտնելու են ցանց: Խնդիրն էականորեն մեղմվելու է, բայց սա դեռ համակարգային լուծումը չէ»,- ասել է Երևանի փոխքաղաքապետը:
Տիգրան Ավինյանը նշել է, որ նոր կանգառասրահներ են տեղադրելու և լինելու է կառավարման համակարգ, որով մարդիկ իմանալու են, թե որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում, դա իմանալու հնարավորություն են ունենալու նաև օնլայն: Տեղեկացվել է նաև, որ միասնական տոմսային համակարգի ներդրման համար հաղթողն արդեն առկա է, այն ներդրվելու է և՛ ավտոբուսներում, և՛ մետրոյում: Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ և բերվելու է մեկ տրամաբանության: