Նախատեսվում է Համահայկական համաժողովների անցկացում
Սփյուռքի գիտական, մասնագիտական և երիտասարդական ներուժը Հայաստանի զարգացման գործընթացին ներգրավելու, խրախուսելու, համագործակցության ցանցեր ստեղծելու, համահայկական օրակարգին առնչվող հարցերը և մարտահրավերները քննարկելու նպատակով նախատեսվում է Համահայկական համաժողովների անցկացում, որի վերաբերյալ ընդունվել է Կառավարության որոշում:
Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ կքննարկվեն շուրջ 20 ոլորտներին առնչվող թեմաներ, ինչպիսիք են Սփյուռքի համայնքների և կազմակերպությունների կարիքները, ազգային շահերը, անվտանգությունը, մարդու իրավունքները, բարեգործությունը և կամավորությունը, հայրենադարձությունը, Հայաստանում կրթության և աշխատանքի հնարավորությունները, լեզուն և մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները, բիզնեսը, առողջապահությունը, զբոսաշրջությունը, հանրային կապերը, ցանցային աշխատանքի մոտեցումները և այլն:
Գործադիրն ընդունել է որոշում «Քայլ դեպի տուն» միջոցառումն իրականացնելու նպատակով: 2023 թ. միջոցառման իրականացման համար նախատեսված է 84 182 600 դրամ 440 մասնակցի համար, որից 400 սփյուռքահայ պատանի և երիտասարդ, 30 ջոկատավար, 10 մշտադիտարկող:
Միջոցառումը ներառում է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ, հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ և այլն:
Ըստ հիմնավորման՝ 2018 և 2019 թթ. «Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում մասնակցել են տարբեր երկրներից շուրջ 1200 սփյուռքահայ պատանի և երիտասարդ:
2020 թ., պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, միջոցառումն իրականացվել է առցանց տարբերակով, որին մասնակցել են շուրջ 201 սփյուռքահայ պատանի և երիտասարդ:
2021 թ. միջոցառմանը մասնակցել է շուրջ 400, 2022 թ.՝ 422 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: