SETI ինստիտուտի և Մարսի ինստիտուտի հետազոտողները Մարսի մակերևույթին հայտնաբերել են թեթև սուլֆատային աղերից բաղկացած շերտավոր նստվածքներ: Դրանց կառուցվածքն ունի ճաքեր և մորենային շերտեր, ինչը վկայում է այն մասին, որ այստեղ համեմատաբար վերջերս սառցադաշտ է եղել։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով Mars Reconnaissance Orbiter (MRO) ուղեծրային սարքի վրա տեղադրված High-Resolution Imaging Experiment (HiRise) տեսախցիկից ստացված տվյալները։

Նոր հայտնաբերված օբյեկտը գտնվում է Մարսի հասարակածի մոտ: Ըստ գիտնականների՝ այն ունի 6 կմ երկարություն, 4 կմ լայնություն և 1,7 կմ հաստություն։ Հետազոտողները շեշտում են, որ այն դեռ սառույց չէ, այլ աղի կուտակումներ, որոնք ունեն սառցադաշտի մորֆոլոգիական առանձնահատկություններ։ Նրանք ենթադրում են, որ ժամանակին այստեղ գոյություն ունեցած սառցադաշտի մակերեսին աղի կուտակումներ են առաջացել, որոնք կրկնել են սառցադաշտի ձևը։

Եթե պարզվի, որ ​​հետազոտողների ենթադրությունները ճիշտ են, ապա հնարավոր է, որ Մարսի մակերեսին սառույցը հայտնվել է ավելի ուշ, քան նախկինում ենթադրվում էր, ինչը ազդեցություն կունենա ինչպես մոլորակի բնակելի լինել-չլինելու վերաբերյալ ընդհանուր ըմբռնման, այնպես էլ հետագա առաքելությունների վրա:

Այս տարածաշրջանում եղել է հրաբխային ակտիվություն, և հրաբխային նյութերի ու սառցադաշտերի հետ շփման սահմանին ենթադրաբար տեղի են ունեցել քիմիական ռեակցիաներ՝ սուլֆատների արտազատմամբ։ Շարունակ կուտակվելուվ՝ այդ նյութերը ձևավորել են կոշտ շերտ. հետագա էրոզիան պետք է որ բացազատեր դրանք, և ի հայտ եկած մորենային ճաքերը հստակ վկայում են այն մասին, որ ժամանակին այստեղ ջրային սառցադաշտ է եղել։ 

Նախկինում գիտնականները կարողացել են հայտնաբերել սառցադաշտերի մնացորդների նշաններ Մարսի հասարակածի շրջանում, սակայն այդ օբյեկտները, ըստ գիտնականների, պատկանում են ավելի վաղ ժամանակաշրջանների, այն դեպքում, երբ նույնքան «երիտասարդ» սառցադաշտերի մնացորդները նկատվել են միայն ավելի բարձր լայնություններում:

Հնարավոր է, որ սուլֆատային շերտերի տակ դեռ պահպանվում են ջրային սառույցի պաշարներ, ինչը հնարավոր է ստուգել ապագա առաքելությունների ժամանակ։ Եվ եթե ենթադրությունները հաստատվեն, ապա այս սառույցը ուսումնասիրության առարկա կդառնա հետազոտողների համար այս մոլորակում, որի հասարակածային տարածաշրջանի պայմանները պակաս անբարենպաստ են ինչպես մարդու, այնպես էլ սարքավորումների նկատմամբ: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն