«Հրապարակ». Աշնան ընտրություններին հայտեր են ներկայացվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը երեկ հայտարարել էր, որ մասնակցելու է Վանաձորի քաղաքապետի ընտրություններին, որը տեղի կունենա կա՛մ սեպտեմբերի 26-ին, կա՛մ հոկտեմբերի 17-ին։
Ինչպես հայտնի է, Վանաձորի ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով, մեր տեղեկություններով, սոցապի տարածքայինի պետը կառաջադրվի նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանի եւ Մանե Թանդիլյանի հիմնադրած կուսակցական ցուցակով։ Նա այդ պաշտոնում նշանակվել է Առաքելյանի՝ նախարար աշխատած շրջանում, իսկ դրանից առաջ էլ Առաքելյանի ՄՈԳՈ վարկային կազմակերպության «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչն էր։
Իսկ ավելի վաղ անցյալում Այվազյանը ԲՀԿ շարքերն էր համալրել, դարձել Վանաձորի ավագանու անդամ, ապա հեռացել ոչ միայն ԲՀԿ-ից, այլեւ արտագաղթել Հայաստանից, լրատվամիջոցներին էլ հայտնել էր, որ աշխատանքի, եկամտի խնդիր ունի։ Իրականում՝ հայտնվել էր տհաճ պատմությունների մեջ, վարկի դիմաց գրավադրված սեփական տունը դրվել էր աճուրդի, իսկ ինքը հարցազրույցներ էր տվել, հորդորելով իր տան վրա աչք ունեցող պաշտոնյաներին՝ տունը գնել ոչ թե բանկից, այլ իրենից՝ «անհամեմատ ցածր»՝ 250 հազար դոլարով։
Նկատենք, որ մինչ ընդդիմադիր դաշտի առանցքային խաղացողներն ամառային հանգիստն են վայելում, նորաթուխ ուժերն արդեն դիրքավորվում են ՏԻՄ ընտրությունների դաշտում։ Մինչդեռ ենթադրվում էր, որ ՏԻՄ աշնանային ընտրություններում նոր խորհրդարանական ընդդիմությունը շատ ակտիվ է լինելու եւ փորձելու է ամրապնդել ԱԺ ընտրություններում հաղթանակն ու նոր բնագծեր նվաճել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում