Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու առնվազն երկու տրամաբանություն կա, և Հայաստանի ԱԳ  նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, դիտարկելով Միջազգային դատարանի որոշումը որպես պարտադիր կատարման ենթակա ակտ, կիրառի այն։

«Շատ կարևոր է, որ Անվտանգության խորհրդում հարցը բերվի օրակարգ: Եվ պետք է հնարավորինս օգտագործելով բոլոր դիվանագիտական խողովակները՝ այդ ուղղությամբ աշխատանք տարվի հարցի բարենպաստ քննարկում ապահովելու համար»,- նշել է Կիրակոսյանը։

Նա հիշեցրել է՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի և դատարանի կանոնադրության:

«Մենք, ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն անտեսում է որոշումը, ոչ միայն անտեսում է, այլ ամենաբարձր պաշտոնական մակարդակից մինչև ցածր պաշտոնական մակարդակներում փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին, ի պատասխան, նամակ ներկայացվել է նաև մեր նախարարի կողմից»,-ասել է Կիրակոսյանը:

Կիրակոսյանի խոսքով՝ որոշման չկատարումն ամեն դեպքում ստեղծում է ռիսկեր միջազգային խաղաղության և անվտանգության համար:

«Այսինքն՝ մենք առնվազն 2 տրամաբանությամբ հարցն ԱԽ-ում բարձրացնելու հնարավորություն ունենք: Ակնհայտ է, որ դատարանի որոշման չկատարումը, այսինքն՝ շրջափակումը շարունակելն առաջացնում է լրջագույն ռիսկեր միջազգային անվտանգության համար»,-նշել է Կիրակոսյանը:

Հայաստանը միջազգային դատարանից պահանջել էր պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը։ Դատարանը բավարարել էր Հայաստանի՝ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն