Հաստատվել բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
Ընդունված որոշման հիմքով և ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի համապատասխան դրույթներով՝ ապրիլի 15-ից կապահովվի բուհերի 2023/2024 ուստարվա դիմորդների մասնագիտությունների ու ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը:
Համաձայն որոշման՝ 2023/2024 ուստարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ավելացվել է 203-ով: Ընդհանուր առմամբ՝ 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 3124 տեղ: Պահուստային տեղերի քանակը՝ 115:
Այս տարի 2023-2024 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 2146 տեղերից 1174-ը (ընդհանուր տեղերի թվի 55%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտին:
Ինչպես նախորդ տարի, 2023-2024 ուստարում ևս 100 տեղով ավելացվել է բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվել են STEM ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը տնտեսության զարգացման համար:
Այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր են հատկացվել ‹‹Արարատյան բակալավրիատ›› ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար (7 տեղ):
Հաշվի առնելով նաև 2022-2023 ընդունելության մրցույթի արդյունքները՝ հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, 2022-2023 ուստարվա համար հատկացված 22.300 տեղերը պակասեցվել է 6000-ով և այս տարի հատկացվել 16.300 վճարովի տեղ:
Նշենք, որ ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման տեղերի ձևավորման համար հիմք են ընդունվել հետևյալ սկզբունքները՝ պետության տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային, ագրոնոմիական և այլ ոլորտների՝ բարձրագույն կրթությամբ կադրերով համալրումը, կադրային կազմի վերարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը: