Կենսունակությունը կորցրած կամ դրան մոտ գտնվող, խիստ դեֆորմացված և ինվազիվ ծառատեսակների խնդիրն առկա է Երևանում և լուրջ խնդիր է քաղաքի առաջացնում կանաչ ֆոնդի համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց  Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ մեջբերելով մասնագիտական գնահատականները:

Նա նշեց, որ մարտի 23-ին մեկնարկել է ծառերի փոխարինման գործընթացը Մոսկովյան փողոցում:

«Մոսկովյանում աշխատանքները մեկնարկելուց հետո եղան բազմաթիվ շահարկումներ, փորձ արվեց ներկայացնել, որ Երևանի քաղաքապետարանը ամբողջ քաղաքը պատրաստվում է սակուրաներով պատել: Սակուրաներ ձեռք ենք բերել ընդամենը 150 հատ՝ նախատեսվող 2500 ծառի մեջ: Ընդամենը 8-10 հոգի, ուղղորդված Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի կողմից, նկատեցինք նաև քաղաքական այլ կուսակցություններ ներկայացնող անձանց, որոնք Ֆեյսբուքի գրառումներով և իրենց մոտ գտնվող լրատվական կայքերով տարածեցին ինֆորմացիա, որ՝ հասեք, փրկեք, Երևանի քաղաքապետարանը տապալում է հասուն ծառեր:

Գիտակցված՝ այդ հատվածի համար ընտրել ենք այնպիսի ծառատեսակներ, որոնց սաղարթը շատ մեծ չէ, որովհետև կան չափանիշներ, որ պետք է կիրառվեն, օրինակ՝ մարդկանց լույսը չփակելու: Մեծ սաղարթով ծառերը, որ առաջարկվում էին աղմուկ բարձրացրած անձինք, նախ՝ այդտեղ չէին տեղավորվի, այնուհետև մի քանի տարի հետո իրենց հզոր արմատային համակարգով կքանդեին շենքի հիմքը, նաև կփակեին շենքում բնակվող մեր քաղաքացիների լույսը:

Հետո նույն ինքը՝ Քրիստինե Վարդանյանը, հայտարարեց, որ այդտեղի ծառերը ենթակա էին հատման և փոխարինման:

Այդ փողոցի համար սակուրաներ ընտրելու հաջորդ պատճառն այն էր, որ այդ փողոցի շարունակությունը արդեն 10 տարի է՝ տնկված է սակուրաներով: Կարծում ենք, որ ամեն փողոց պետք է պատված լինի մեկ տեսակի ծառատեսակներով:

Երրորդ պատճառն այն է, որ այդտեղ գտնվում է Թամանյանի արձանը: Թամանյանը վարդագույն Երևանը գծագրող մեր ճարտարապետն է: Իսկ սակուրաները ծաղկման շրջանում ունեն վարդագույն գույն»,- ասաց նա:

Բեգոյանը հավելեց, որ սակուրաներն ավելի երկարակյաց են, քան թեղիները:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ ավելացրեց.

«Կասկադը Երևանի սիրտն է: Երևանի սրտում սրճարանների մոտ գտնվող բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, բայց թե ինչով պետք է փոխարինվեն, այն հարցերից է, որ պետք է դրվեն հանրային քննարկման:

Երևանում մոտ 200 հազար ծառ պետք է տնկենք 7-8 տարվա ընթացքում: Սա նշանակում է, որ մենք անընդհատ չպիտի գնենք այդ ծառերը, պետք է ունենանք տնկարաններ, աշխատենք տնկիների վրա ու ստանանք այն ծառերը, որոնք դառնալու են Երևանի կանաչ դեմքը»: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն