Ապրիլի 1-ից ԶՈՒ-ի փոխարեն սահմանապահները կհսկեն Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհը, այսօր ՀՀ կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ կապված վերջին զարգացումներին։

Ըստ նրա՝ Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ:

«Ինչպես տեղյակ եք, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի  և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ: Բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի Հանրապետության տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից Հայաստանի Հանրապետության տարածք: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը»,- ասել է Փաշինյանը:

Նա հայտնել է, որ նախօրեին Հայաստանը տեղեկացրել է ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը:

«Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված: Պիտի արձանագրեմ, որ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես մի հերթական բլոկբաստեր, կներեք այս բառի համար:

Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ: Կրկնում եմ, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել Սահմանապահ զորքերի միջոցով:

Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է. նույն դիրքերից՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Մենք այդ նույն առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին:

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն՝ ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման աշխատանքի, և հույս ունենք, որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափում նման տրամադրվածություն կլինի թե՛ Բաքվի, թե՛ Ստեփանակերտի կողմից: Հասկանալի է, իհարկե, որ այս համատեքստում միջազգային պատշաճ մեխանիզմների և երաշխիքների գործարկումը չափազանց կարևոր է»,- ասել է Փաշինյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն