2023-ի ապրիլի 1-ից Հայաստանում անցում կկատարվի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին կառավարության նիստում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդական փուլն է, որովհետև կարծում ենք, որ արդեն բյուրոն թե՛ տեխնիկապես, թե՛ իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցմանը։ Ավտոսեփականատերերի համար ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում, որը նախկինում չենք ունեցել։ Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը։ Երկրորդ` գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները։ Օրինակ` մենք ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար կամ մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար։ Այդ կառուցակարգերն այլևս չեն գործելու, այլ գործելու է ազատ շուկայական մեխանիզմ, վարորդի անհատական տվյալները ձևավորելու են այն սակագինը, որը ինքը վճարելու է ԱՊՊԱ համար: Քաղաքացիներն այսուհետ առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկը։ Ըստ այդմ, կարող են ընտրել իրենց համար լավագույ գին/որակ հարաբերակցությունը»,- նշել է ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանի խոսքով՝ եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար գները կթանկանան. «Սա չի վերաբերում բոնուս-մալուսի կիրառմանը, այլ վերաբերում է բազային պայմանագրին: Բնականաբար բոնուս-մալուսի հետ կապված հարցերը կառաջանան անհատական տվյալները մուտքագրելուց հետո, գինը կձևավորվի այդ երկուսի համադրան արդյունքում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն