Մանհեթենի երդվյալ ատենակալները որոշել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնապես մեղադրանք առաջադրել: Թրամփը դարձել է Միացյալ Նահանգների առաջին նախկին նախագահը, որը պաշտոնապես ենթարկվում է դատական ​​հետապնդման։ 

Թրամփի դեմ այս հետաքննությունը կապված է պոռնոաստղ Սթորմի Դենիելսին (իսկական անունը՝ Ստեֆանի Քլիֆորդս) լռության համար գումար վճարելու հետ:

Ըստ գործի նյութերի՝ 2016 թվականի ընտրություններից առաջ Թրամփը փաստաբանի միջոցով 130.000 դոլար է վճարել Սթորմի Դենիելսին, որպեսզի վերջինս լռի 10 տարի առաջ իր հետ ունեցած սեռական հարաբերության մասին:

Գործարքն ինքնին անօրինական չէր, սակայն Թրամփն ու իր փաստաբանն այն ներկայացրել են որպես իրավաբանական ծառայությունների համար վճարում, իսկ դա համարվում է խարդախություն Նյու Յորք նահանգում և պատժվում է քրեական օրենքով: Փաստաբան Մայքլ Քոհենն այդ գործով 2018 թվականին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն Թրամփին, որն այն ժամանակ նախագահ էր, պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել։

Լրատվամիջոցները նշում են, առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչի համար է դատախազ Բրեգը պատրաստվում մեղադրել երկրի նախկին նախագահին:

Ինքը՝ Թրամփը, վստահեցրել է, որ Դենիելսի հետ անձնական հարաբերություններ չի ունեցել և այդ գործով իր դեմ ներկայացված մեղադրանքներն անվանել է «քաղաքական հետապնդում», «պատմության մեջ ամենաբարձր մակարդակով ընտրություններին միջամտություն»։

ԱՄՆ նախկին նախագահին ավելի քան 30 մեղադրանք է սպառնում, այդ թվում՝ բիզնեսում խարդախության հետ կապված, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն