Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը չի ծրագրել երկրորդ զորահավաքն անցկացնել, քանի որ առաջադրանքները կատարելու համար կան բավարար կամավորներ և արդեն կանչված քաղաքացիներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ գլխավոր շտաբը չի ծրագրում զորահավաքի երկրորդ ալիք անցկացնել։ Նրանք, ովքեր արդեն զորակոչվել են, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք կամովին ցանկություն են հայտնել մասնակցել գործողությանը, լիովին բավարար են առաջադրանքները կատարելու համար»,- ասել է Ցիմլյանսկին գարնանային զորակոչի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ Կրեմլում զորահավաքի երկրորդ ալիքը չի քննարկվել։

Ռուսաստանում մասնակի զորահավաքը սկսվել է 2022 թվականի սեպտեմբերի 21-ին և ավարտվել հոկտեմբերի 28-ին։ Ընդհանուր առմամբ ռեզերվից զորակոչվել է 300 հազար ռուսաստանցի։ Երկրում մոբիլիզացիայից ազատվել է ավելի քան 830 հազար մարդ, նրանցից մի քանիսը ռազմարդյունաբերական համալիրի և սոցիալապես կարևոր պետական այլ ոլորտների ձեռնարկությունների աշխատակիցներ են: ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ մոբիլիզացիոն նոր միջոցառումների կարիք չկա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն