Արցախում վնասված 52 ավտոմեքենայի համար տրվել է աջակցություն. Արայիկ Հարությունյան
Արդեն մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը: Տվյալ ծրագրի շրջանակներում այս ընթացքում արդեն տրամադրվել է 52 ավտոմեքենայի վնասի դիմաց աջակցություն (մի մասը՝ լրիվությամբ՝ բռնազավթված տարածքներում մնացած, մյուս մասը՝ մասնակի՝ արկերի պայթյուններից վնասված): Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Այս պահին պետական հանձնաժողովը տարբեր գույքային կորուստների դիմաց ընդունել է ավելի քան 3900 դիմում: Իմ հանձնարարությամբ՝ բոլոր դիմումները կենթարկվեն պատշաճ ուսումնասիրության ու քննարկման, և, ըստ կարգի, մեր բոլոր քաղաքացիները կստանան համապատասխան աջակցություն: