Ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ճանաչվել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»

2014 թվականից ի վեր ՀՀ-ում հակաականային գործունեությունն իրականացնում, համակարգում, կառավարում ու վերահսկում է ականազերծման գործողությունների ազգային մարմին՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հումանիտար հակաականային գործունեության պատկերը ՀՀ-ում

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նախկին աղտոտված տարածքներին ավելացել է ընդհանուր 22 187 054մ² մակերեսով 14 հաստատված և 4 կասկածելի նոր վտանգավոր տարածք։ Արդյունքում` ՀՀ ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 39 239 970 մ²։ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունենեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։ Հաշվի առնելով անվտանգային և սոցիալ-տնտեսական ազդեցությունները, ընթացիկ տարում, որպես առաջնահերթություն, նախատեսվել է աղտատոտված տարածքների մաքրման աշխատանքներ իրականացնել Վայոց ձորի մարզում, որը կմեկնարկի մոտ օրերին։

2022 թվականի ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները տարեկան պլանով նախատեսված 50 000 մ² փոխարեն ականներից և չպայթած զինամթերքից մաքրել են 793 860 մ² մակերեսով տարածք (146 308 մ² Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայր և 647 552 մ² Սիսիան-Քաջարան ճանապարհ): Միայն 2022 թվականին պայթունավտանգ զինամթերքի վտանգի մասին իրազեկվել են ՀՀ 10 293 քաղաքացիներ։ Ներկայումս ևս իրազեկման աշխատանքներ են ընթանում Երևանի և ՀՀ մարզերի մի շարք դպրոցներում, այլ կրթօջախներում։

Ապրիլի 4-ը նաև նշանավորվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Ծաղկաձորում համատեղ կազմակերպած «ՀՀ ականազերծման գործողությունների ազգային մարմնի հումանիտար հակաականային գործունեության ռազմավարության և գործառնական ծրագրերի քննարկում» թեմայով աշխատաժողովով։ Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են  հակաականային ոլորտի շահագրգիռ տարբեր գերատեսչությունների և կազմակեպությունների ներկայացուցիչներ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն