Գործելը նախընտրելի է անգործությունից․ միջազգային կառույցներին դիմելն անհրաժեշտ է, անկախ ամեն ինչից
Եվրոպայի խորհուրդը հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման անցած տարվա հաշվետվությունը։ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ադրբեջանում կատարման սպասման ռեժիմում եղել է ՄԻԵԴ-ի 285 որոշում։ 2020 թվականին դրանք եղել են 235-ը, իսկ 2021–ին՝ 271-ը։ Այսպիսով, Ադրբեջանի չկատարած որոշումների թիվը տարեցտարի աճում է: Ադրբեջանը չի կատարում նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ բացելու որոշումը։ Անկախ ամեն ինչից, մասնագետները վստահ են՝ միջազգային ատյաններում պետք է պարբերաբար բարձարացնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի հարցը։ Նրանք չեն բացառում, որ մի օր միջազգային հարթակներում հաստատվի Ադրբեջանի կողմից արցախահայության ռասսայական խտրականությունը որպես քաղաքականության իրականացում։ Այդ դեպքում դա Արցախի անկախությունը ճանաչելու և Ադրբեջանի կազմում լինելը բացառելու ուժեղ հիմք կստեղծի։
Ավելի քան 2․5 ամիս է անցել Հաագայի դատարանի վճռից, որով Ադրբեջանին պարտավորեցվել էր հնարավորինս արագ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը ոչ միայն չի շտապում կատարել դատարանի պահանջը, այլև նորանոր սադրանքների է դիմում։ Վերջինն օրեր առաջ էր, երբ Արցախի 27 քաղաքացիներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից փորձել էին վերադառնալ Ստեփանակերտ։ Չնայած այդ ուղևորության մասին նախնական պայմանավորվածությանը, Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, ադրբեջանական կառավարական գործակալները արգելել էին խաղաղապահների մեքենաների անցումը։ Այդ հատվածում իրենց տները վերադառնալ փորձող արցախցիները մնացել էին շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո նրանք վերադարձել էին Գորիս։ Որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել էին մեքենաներից մեկը:
Բանակցությունների ժամանակ քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը վատացել էր, նրանցից 3-ն ուշաթափվել էին։ Խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել էին Ստեփանակերտի բժշկական կենտրոն։
Հայկական կողմն այս դեպքի մասին էլ տեղյակ կպահի ՄԻԵԴ–ին։ Եթե Ադրբեջանը չի կատարում միջազգային արդարադատության ատյանների որոշումները, ընդհանրապես արժե՞ դիմել դատարան թե՞ ոչ։ Միջազային իրավունքի մասնագետների պատասխանը միանշանակ է՝ անկախ կատարման արդյունքից, դիմելը պարտադիր է։
«Ցանկացած խախտման արձանագրում դիվանագիտական լրացուցիչ լծակներ, քաղաքական դիվիդենտներ է տալիս պետությանը՝ պատժամիջոցներ հայցելու, ճանաչման հասնելու և, առհասարակ, ճնշում գործադրելու հարցում։ Բացի արդարադատության խորհրդից, որոշում ու լուծում պարտադրող ինչ– որ մարմին չկա (ֆիզիկական պարտադրանքի մասին է խոսքը), ցավոք անվտանգության խորհրդում Ֆրանսիայի նախաձեռնած փորձн արգելափակվել է։ Այսօր չկա 100 տոկոսանոց լուծում այս խնդրի, որը երաշխավորված 100 տոկոս արդյունք կտա։ Բայց նման քայլերը մոտեցնում են արդյունքը, հիմք են ստեղծում Ադրբեջանի դեմ լրացուցիչ պահանջներ ներկայացնելու։ Դրանք տալիս են լրացուցիչ լծակներ»,– ասում է միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։
Նա ընդգծում է՝ անկախ ամեն ինչից, միջազգային դատարաններ պետք է դիմել։ Մի դեպքում գործողություն է, մյուս դեպքում ՝ անգործություն։ Բնականաբար, գործողությունն է նախընտրելի, կարծում է Սիմոնյանը․
«Ադրբեջանն էլ ասում է՝ 30 տարի ես էի միջազգային կառույցներին օգտագործում՝ Հայաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Արդյունք չտվեց, մինչև զենքով չլուծեցի։ Հիմա մենք ավելի կարճ ժամանակում պետք է հասնենք հաջողության։ Եղած ռեսուրսները պետք է օգտագործենք, գուցե մի պահի արդյունք տա»։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն արձանագրում է՝ եթե չկա 100 տոկոսանոց արդյունք, դա չի նշանակում, որ արդյունք չկա առհասարակ։ Որքան ճնշումը շատանա, այնքան օրը մոտենում է, շանսերը ավելանում են։ Ամեն օր, երբ Ադրբեջանն անտեսում է դատարանի որոշումը, ավելի է մոտեցնում Հայաստանի հաղթանակը։ Սա հայցի ապահովում էր ընդամենը։
«Ադրբեջանի նման վարքագիծն ավելացնում է Հայաստանի համար բարենպաստ դատական ակտի կայացումը։ Մեծ հավանականությամբ, երբ դատարանը հաստատի Ադրբեջանի կողմից արցախահայության ռասսայական դիսկրիմինացիայի իրականացումը որպես քաղաքականության իրականացում, դա Արցախի անկախության ճանաչման ու Ադրբեջանի կազմում երբևէ լինելու բացառման համար ուժեղ հիմք է ստեղծում»,– վստահ է Արա Խզմալյանը։
Իսկ միջազգային դատարաններում Ադրբեջանի չկատարած որոշումների թիվը տարեցտարի աճում է: 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ադրբեջանում կատարման սպասման ռեժիմում եղել է ՄԻԵԴ-ի 285 որոշում։ 2020 թվականին դրանք եղել են 235-ը, իսկ 2021 թվականին՝ 271-ը։ 2022 թ դեկտեմբերի 31–ի դրությամբ Արդբեջանը միջազգային դատարաններում ունի ընթացքի մեջ գտնվող 76 տոկոս գործ, ավարտված է 24 տոկոսը։ Հայաստանում ընթացքի մեջ գտնվող գործերի քանակը կազմում է 34 տոկոս, կատարված է 66 տոկոսը։ ՌԴ–ն 63 տոկոսն ընթացքի մեջ է, 37 տոկոսը՝ կատարված։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) չկատարված որոշումների մոտ 38 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Այս մասին վկայում է 2022 թ. ՄԻԵԴ-ի որոշումների կատարման վերահսկման մասին հաշվետվությունը։ Փաստաթուղթը պատրաստել է Եվրոպայի Նախարարների կոմիտեն։
Մինչև անցած տարեվերջ չի կատարվել ՄԻԵԴ-ի 6112 որոշում, դրանցից 1299-ը՝ նախադեպային գործերով։ Ընդ որում՝ 880 որոշում կատարվել է, ներառյալ 200-ը՝ նախադեպային գործերով։ 2022 թ. ՄԻԵԴ-ը կայացրել է 1459 որոշում, դրանցիցի 413-ը՝ Ռուսաստանի դեմ, 145-ը վերաբերել է Ուկրաինային, 137-ը Ռումինիային։ Չորրորդ տեղում Սերբիան է՝ 78 որոշում, նրան հաջորդել է Թուրքիան՝ 77։ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը անդամ պետություններին կոչ է արել ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել ՄԻԵԴ որոշումները կատարելու հարցում։ Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է օրենքի գերակայությունն ապահովելու համար։ Չնայած Եվրոպայի խորհրդի պետությունները երկար տարիներ փորձել են հասնել կայուն առաջընթացի այս հարցում, ՄԻԵԴ-ը «ավելի ու ավելի շատ բարդ գործեր է դիտարկում», փաստել է Պեյչինովիչ-Բուրիչը։
Մասնագետները հաստատում են՝ իսկապես, դիվանագիտական ու քաղաքական դաշտում անելիքները շատ են։