Սյունիքի և Գեղարքունիքի բնակիչների իրավունքները խախտված են Ադրբեջանի ներկայության պատճառով
Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված է: Փաստաթղթերն օրինակ են, որ ապացուցում են. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և մյուս օրինական իրավունքները խախտված են ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության պատճառով: Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները: Պետք է հատուցեն նրա համար, որ անվտանգության լրջագույն վտանգներից բացի, խաթարել են մարդկանց բնականոն ու խաղաղ կյանքը, նրանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ սահմանային հարցերը չեն կարող դիտարկվել սահմանային բնակիչների իրավունքներից կտրված: Այս հարցերում ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի՝ չի կարող հաջողություն ունենալ, եթե հաշվի չառնի մարդու իրավունքները: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, պետք է առանց վհատվելու ու հետևողական քայլերով հասնենք խախտված իրավունքների վերականգնման: Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական: