Հրաժեշտ զենքին․ որ հիվանդություններն են խոչընդոտ զենք կրելու համար
Կառավարությունը սահմանել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտ է զենքի տիրապետման համար։ Հոգեկան խանգարումներ, նյարդային համակարգի հիվանդություններ, վնասվածքներ, վիրաբուժական խնդիրներ և այլն։ Ռազմակրթական հասարակական կազմակերպությունների անդամները կարծում են, որ պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար սահմանափակումների խիստ մեծ շրջանակ է առաջարկվում։
«Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքը, որն ուժի մեջ է մտնելու այս ամսվա վերջին, դարձյալ քննարկվում է, բայց դրան առնչվող որոշումներից մեկի առիթով։ Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը։
Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ Նարեկ Ներսիսյանը հիշեցնում է՝ երբ զենքի մասին օրենքը քննարկվում էր ԱԺ –ում, նշվում էր, որ այն երկրի անվտանգությանն առնչվող կարևոր հարց է կարգավորում։ Բայց զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, նրա կարծիքով, հերքում է հնչած բոլոր հիմնավորումները։
«Ես անձինք գիտեմ, որ հատուկ նշանակության զորքերում են ծառայել, ունեն վերջույթների որոշակի վնասվածքներ, անդամահատություններ, մատների մի մասը չկա, բայց այսօր տանում են զորավարժությունների՝ որպես հատուկ ստորաբաժանման սպա։ Այս անձը ցանկություն ունի քաղաքացիական զենք ձեռք բերելու, սակայն կառավարության այս որոշմամբ այդ հնարավորությունը չունի։ Սա աբսուրդ է։ Վերանայման կարիք ունի»։
Ադրբեջանցիների ամենօրյա սադրանքների, ագրեսիվ պահվածքի, ռազմական հանցագործությունների պայմաններում զենք ձեռք բերելու և կրելու սահմանափակումների նման շրջանակն անընդունելի է ՈՄԱ–ի լեռնահրաձգային գումարտակի հրամանատար Վովա Վարդանովի համար։ Ասում է՝ գուցե ընդունելի լիներ, եթե օրինական զենք կրողների կողմից հանցագործությունների վիճակագրությունը սարսափելի պատկեր ունենար։
«30 տարիների ընթացքում 4 դեպք է եղել։ Սարսափելի շատ է։ Ես կարծում էի, որ նման պարագայում այդ ցանկը կլիներ ավելի լիբերալ։ Կլիներ, օրինակ, այսպես՝ հոգեկան հիվանդություններ և նարկոմանիա ու վերջ»։
Եթե քաղաքացին այս հիվանդություններից որևէ մեկի առկայության դեպքում իրավունք չունի զենք ձեռք բերել կամ կրել, ապա նա պետք է նաև չզորակոչվի բանակ՝ ասում է «Ազատազէն» խորհրդի անդամ, փաստաբան Տարոն Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ առողջապահության նախարարությունը սահմանափակում է սահմանափակ աշխատունակությամբ անձանց իրավունքները։ Զենք կրելը հոբբի չէ, այն անվտանգային հարց է լուծելու։
«Եթե անձն ունի այս ցանկից հիվանդություն, վերջինը ենթակա՞ է զորակոչման։ Նրանք, ովքեր ունեն ալկոհոլիզմ, վարքի փոփոխություններ, նարկոմանիա, ապա նրանք իրավունք չունեն ո՛չ զենք կրելու, ո՛չ էլ ինքնապաշտպանության կամ որևէ գործողությունների մասնակցելու։ Բայց եթե անձը, որը մատ չունի, այդպես էր նշված ցանկում, իրավունք չունի զենք ձեռք բերել»։
«Զենքը հատուկ վտանգավոր միջոց է, և դրա կրողը պետք է չունենա որոշակի հիվանդություններ, որպեսզի զենքի կրումն անվտանգ լինի շրջապատի համար»:
Առողջապահության նախարարության հիմնավորումն է։ Լրացուցիչ պարզաբանումներ կառույցն առայժմ չի ցանկանում տալ։ Եթե համեմատենք գործող ու առաջարկվող ցանկերը, փոփոխություններն այդքան էլ մեծ չեն։ Գործող ցանկով հաստատված է 33 հիվանդություն, մինչդեռ առաջարկվող փոփոխություններով դրանց թիվը 37 է։ Գործող ցանկում չկար, օրինակ, քնի խանգարման մասին կետը, որն ավելացվել է։ Ցանկը լրացվել է նաև նոր կետով, որը առնչվում է ապրելակերպին վերաբերող խնդիրներին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են առաջարկել փոփոխություններ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում՝ նոր կանոններ սահմանելով քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության համար:
Ըստ նախագծի՝ քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից ստացած համապատասխան թույլտվության պարագայում: Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել, գրանցել և հաշվառել ոչ ավելի, քան 10 միավոր քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ թվով հրազեն և մարտական սառը զենք:
Ձեռք բերված զենքը ձեռք բերման օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է գրանցման և հաշվառման ոստիկանությունում: Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ոստիկանություն ներկայացնել դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր:
Առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հաստատություններից մեկում անցնել զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու, ինչպես նաև զենքի հավաքածու կազմելու և դրանք ցուցադրելու անվտանգության կանոնների կարճաժամկետ պարապմունքներ և քննություն հանձնելուց հետո ստանալ համապատասխան հավաստագիր, որի առկայության դեպքում է միայն ոստիկանությունը քաղաքացուն տրամադրում զենք ձեռք բերելու թույլտվություն:
Փոփոխության համահեղինակներից Վիլեն Գաբրիելյանն ասել էր, որ նախագիծը չի կարող ենթադրել բանակի դերը գերազանցող գործառույթ, քանի որ զինված ուժերն են զբաղվում սահմանների պաշտպանությամբ, նման նախագիծ հեղինակելու նպատակը բխում է քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքից: